Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է թուրք-սիրիական սահման

Հոկտեմբերի 13-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է երկրի հարավային՝ անմիջապես Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառի սահմանապահ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Սիրիայի Իդլիբ նահանգին սահմանակից ստորաբաժանումներ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Սիրիայի Իդլիբ նահանգին սահմանակից ստորաբաժանումներ

Աքարին ուղեկցել է ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատար գեներալ-գնդապետ Իսմայիլ Մեթինը: ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են Իդլիբում Թուրքիայի ԶՈւ գործողությունների և Ռեյհանլը գավառի ԶՈւ ստորաբաժունումների համալրումների մասին:

Միևնույն ժամանակ Թուրքիայի զինուժը շարունակում է համալրումները սահմանային ստորաբաժանումներում: Ներկա փուլում թուրքական ստորաբաժանումները տեղակայվել են Սիրիայի Իդլիբ-Աֆրին սահմանագծի երկայնքով:

Աֆրինը ներկայում վերահսկում են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թև՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Թուրքիան այս խմբավորումները համարում է «ահաբեկչական» և Իդլիբում թուրքական զինուժի տեղակայման հիմնական նպատակներից մեկը քրդական ուժերի հետագա առաջխաղացման կանխումն է:

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 8-ին թուրքական հետախուզական ստորաբաժանումները մտել էին Իդլիբ: Իսկ մի քանի օր անց՝ հոկտեմբերի 12-ին, Իդլիբ է մտել արդեն 100 հատուկ նշանակության զինծառայող, 30 միավոր զրահատեխնիկա՝ սկիզբ դնելով Իդլիբում տեղակայվելու գործողության ակտիվ փուլին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *