Ռազմաշաբաթի ամփոփում. Ադրբեջան. մայիսի 27-հունիսի 2

Կորուստներ. միջադեպ կրակադաշտում, ինքնասպանություն Շամքորի կորպուսում, շփման գծում զինվոր է զոհվել։ ԱՀ և ՌԴ սահմանային ծառայության պետերի հանդիպումը՝ ռուս-ադրբեջանական սահմանին։ Ցուցադրական «զորահանդես» Բաքվում։ Օրինագիծ՝ զինծառայությունից ուսանողների տարկետման իրավունքի վերաբերյալ։

1. Մայիսի 27-ին Ադրբեջանի ՊՆ փոխխոսնակ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է, որ մայիսի 25-ին Ղարաեյբաթի կրակադաշտում պայթյուն է եղել: Վարժանքներից հետո տեղանքը ՉԶ-ից (չպայթեցված զենք) մաքրելու ժամանակ Իմիշլիի շրջանից զորակոչված, շարքային Հասանլի Վյուսալ Ազադ օղլուն (ծնվ. 1994 թ.) իր ձեռքում պայթած զինամթերքից տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հոսպիտալ։

Նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել էր նաև, որ շփման գծում՝ Տերտերի ուղղությամբ, «հայկական կողմից բացված կրակից» ծանր վիրավորվել և հոսպիտալի ճանապարհին մահացել է 19-ամյա զինվոր, Մասալլիի շրջանից զորակոչված Նամիգ Համիդովը։ ՀՀ ՊՆ խոսնակ Ա. Հովհաննիսյանը Razm.info-ին մեկնաբանել է այս տեղեկությունը՝ շեշտելով, որ հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը, և սա ադրբեջանցիների հերթական ապատեղեկատվությունն է։

Մայիսի 31-ին հայտնի դարձավ, որ մայիսի 30-ին Շամքորի բանակային կորպուսի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Սամիր Վագիֆ օղլու Մեխտիևն ինքնասպանություն է գործել։ Պատճառները դեռևս անհայտ են, հարուցվել է քրեական գործ։

Այսպիսով, եթե վստահենք ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի տվյալներին, ընթացիկ տարում Ադրբեջանի ԶՈւ-ն գրանցել է 40 զոհ, 35 վիրավոր:

2. Մայիսի 29-ին Ադրբեջանի սահմանային զորքերի հրամանատար, սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևը ռուս-ադրբեջանական սահմանային Սամուր գետի կամրջին հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային ծառայության պետ, 2013-ի ապրիլի 11-ից պաշտոնավարող Վլադիմիր Կուլիշովի գլխավորությամբ։ Քննարկման հիմնական թեման ռուս-ադրբեջանական սահմանային իրավիճակն էր, որից հետո կողմերը դիտարկեցին «Սամուր» անցակետը։

Էլչին Գուլիևի և Վլադիմիր Կուլիշովի հանդիպումը՝ ռուս-ադրբեջանական սահմանին

Էլչին Գուլիևի և Վլադիմիր Կուլիշովի հանդիպումը՝ ռուս-ադրբեջանական սահմանին

Նշենք, որ Սամուր գետի ջրի՝ ոռոգման նպատակով օգտագործումը խնդիր է ռուս-ադրբեջանական սահմանում, բացի այդ այս հատվածում ռուսական անկլավային Խրախ-Ուբա և Ուրյան-Ուբա՝ էթնիկ լեզգիներով բնակեցված գյուղեր են։ 2010-ին Բաքվում Դմիտրի Մեդվեդևն ու Իլհամ Ալիևը պայմանագիր են ստորագրել՝ պետական սահմանի որոշման վերաբերյալ, սակայն վերոհիշյալ անկլավների հարցը չի լուծվել։ Գյուղերի բնակիչները վկայում են, որ ցանկանում են ՌԴ կազմում լինել, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ Ադրբեջանը սպառնում է գյուղացիներին, առանց որևէ պատճառի նրանք ձերբակալվում են, և նրանց հարկադրում են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել կամ հեռանալ գյուղից։

3. Մայիսի 28-ին՝ Ադրբեջանի հանրապետության օրվա առիթով Բաքվում կազմակերպվել էր ցուցադրական «ռազմական շքերթ» (իրականում՝ երթ), որին մասնակցում էին Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանի, ռազմական ավիացիայի, ռազմաօդային ուժերի ուսումնարանների և ռազմական լիցեյի սաները, ինչպես նաև Բաքվի զորամասերի զինվորները։

4. Razm.info-ն արդեն տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի գիտության և կրթության կոմիտեն հունիսին քննարկելու է «Գիտության մասին» օրենքի նախագիծը, որի կետերից մեկը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայությանը: Օրինագծի՝ «Պետական աջակցության ցուցաբերում գիտական աշխատանքին և գործունեությանը» հոդվածում նշված է, որ պետական լիաժամկետ կրթության սկզբունքների համաձայն՝ դոկտորանտուրայի և մագիստրատուրայի առկա ուսուցման ուսանողներին տրվելու է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք: Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ առաջակվում է տարկետումը դիտարկել մի քանի տարբերակով՝ բակալավրիատն ավարտելուց հետո մագիստրատուրայի ընդունելության քննություններ տալու և մագիստրատուրա ընդունվելուց հետո այն ավարտելու համար տարկետման իրավունք (2 տարի), ինչպես նաև մագիստրոսի կոչում ունեցողների համար 6-ամսյա տարկետում։ Օրինագծի հեղինակներից մեկը՝ խորհրդարանի՝ անվտանգության և պաշտպանության կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը մանրամասնել է, որ իրենց նպատակը գիտությամբ զբաղվող երիտասարդների թվի խիստ կրճատման կասեցումն է և թափուր տեղերի լրացումը ԲՈՒՀ-երում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *