Քրդերը զորքեր են տեղակայում Քիրքուքում՝ դիմակայելու Իրաքի բանակի հնարավոր հարձակումներին

Իրաքյան Քրդստանը նախապատրաստվում է նավթով հարուստ Քիրքուք շրջանի վրա հնարավոր հարձակումներին դիմակայելուն. Քիրքուքում և դրա շրջակայքում արդեն «Փեշմարգայի» «տասնյակ հազարավոր» զինծառայողներ են տեղակայվել, որոնց հինգշաբթի երեկոյան ավելացվել է  լրացուցիչ ևս 6000 զինծառայող։ Այս մասին հայտարարել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությունից։ Հոկտեմբերի 13-ին փոխանցում է քրդական Rudaw  լրատվական գործակալությանը։

Հոկտեմբերի 11-ին Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհուրդը հայտարարել էր, որ տեղեկություններ է ստացել, թե իրաքյան բանակը՝ ներառյալ ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը և դաշնային ոստիկանությունը, նախապատրաստվում է խոշոր հարձակում իրականացնել Քիրքուքի հարավ-արևմուտքում և Մոսուլի հյուսիսում։

Սակայն Իրաքի բանակից հերքել էին այդ տեղեկությունները։

Քրդերի այս հայտարարությանը անդրադարձել է նաև Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին, ով հայտարարել է, որ չեն պատրաստվում կռվել քրդերի դեմ։

«Մենք մեր բանակը չենք օգտագործելու մեր ժողովրդի դեմ կամ մեր քուրդ և այլ քաղաքացիների դեմ պատերազմելու համար», – ասել է Հեյդար ալ-Աբադին։

Չնայած այս հերքումներին՝ քրդերը շարունակում են պնդել, որ Իրաքի իշխանությունները հարձակում են նախապատրաստում Քիրքուքի վրա։

Հոկտեմբերի 13-ին «Փեշմարգայի» հրամանատարը հայտարարել է, որ հինգշաբթի գիշերվանից սկսած Իրաքի բանակը և շիայական, Իրանի կողմից հովանավորվող «Հաշդ աշ-շաաբի» ջոկատները նախապատրաստվում էին հարձակվել Քիրքուքի շրջակայքի վրա։

Իրաքը, հերքելով այս լուրը, հայտարարել է, որ  Հավիջայի գործողությունների շրջանակներում ընդամենը շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրել ազատագրված տարածքները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, Իրաքի խորհրդարանը երկրի վարչապետին լիազորել էր զորքել ուղարկել Քիրքուք, որը նույնպես մասնակցել էր սեպտեմբերի 25-ի քրդական անկախության հանրաքվեին:

Ընդունված փաստաթղթի մեջ նշվում է, որ խորհրդարանը երկրի վարչապետին լիազորում է նաև կանխարգելել այդ տարածքներ այլ ուժերի ներխուժումը: Սա, ըստ երևույթին, ուղղված է քրդական «Փեշմարգա» ջոկատների դեմ:

Նշենք, որ Քիրքուքը նավթի պաշարներով հարուստ շրջան է և Իրաքի կենտրոնական անկախության և Իրաքյան Քրդստանի միջև տարաձայնությունների հիմնական պատճառներից մեկն է: Քիրքուքը ևս նեռարված է եղել անկախության հանրաքվեին մասնակցող տարածքների մեջ: Այս շրջանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներխուժումից 2014-ին պաշտպանել էին հենց քրդական զինված ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *