Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոստիկանությանը հրահանգել է հրաժարվել ամերիկյան արտադրության Sig Sauer ատրճանակներից և անցնել տեղական զենքերի օգտագործմանը: Նմանատիպ հրահանգ ստացել է նաև Էրդողանի պահպանության գունդը: Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է անձամբ Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նման որոշում կայացրել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը չի թույլատրել Թուրքիայի նախագահի պահպանության գնդին զենք վաճառել: Ամերիկյան կողմի որոշումը կապված էր ընթացիկ տարվա մարտին Էրդողանի թիկնապահների գործողությունների հետ:
Թուրքիայի նախագահի թիկնապահները Վաշինգթոնում բռնություն էին կիրառել խաղաղ ցույց անցկացնող անձանց նկատմամբ: Էրդողանը սեպտեմբերին Կոնգրեսի որոշումից հետո, ինչպես նաև հենց երեկ՝ հոկտեմբերի 12-ին, կրկին բարձրացրել է այն հարցը, թե «ի՞նչ տրամաբանությամբ են «ահաբեկիչներին» ձրի զենք տալիս, իսկ իրենց հրաժարվում են վաճառել»:
«Սրանք թուրք ազգին ծնկի բերելու պլաններ են: 1500 միավոր զենք պետք է տան. Տված պատասխանն ի՞նչ է. «Կոնգրեսից չանցավ»: Սրան նայի՛ր: Դրա կարիքը չունենք և այս հարցում մեր վճռորոշ քայլերը կկատարենք» , – նշել է էրդողանը:
«Ահաբեկչական» կառույցի տակ Թուրքիայի նախագահը ի նկատի ունի Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» (YPG): Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել էր, որ ԱՄՆ-ն մինչ օրս զինել է շուրջ 40-50 հազար Սիրիայի քրդի:
Իրադարձությունների նման զարգացման ֆոնին Էրդողանը հայտարարում է, որ իրենք պետք է զինվեն տեղական արտադրության զենքերով: Սակայն պարզ է, որ սա ոչ թե նախապես ծրագրավորված քայլ է՝ ուղղված տեղական ռազմարդյունյաբերության զարգացմանը, այլ՝ պարտադրված քայլ՝ Կոնգրեսի որոշումից հետո:
Էրդողանի պահպանության գունդը, ոստիկանները պետք է անցնեն Թուրքիայում հավաքվող Yavuz-16 ատրճանակների օգտագործմանը: Նշվածները Թուրքիայում արտադրվում են 1992 թվականից՝ իտալական Beretta ընկերության արտոնագրով (Beretta 92FS):