ԱՊՀ երկրների միացյալ ՀՕՊ համակարգի գործողությունների 2018 թվականի պլանով նախատեսվում է անցկացնել համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային վարժանքներ:
Այս մասին հայտնում Է ՌԴ ՊՆ կայքը:
Հոկտեմբերի 12-ին Դուշանբեում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ընդունվել է ԱՊՀ երկրների միացյալ ՀՕՊ համակարգերի մարտական հնարավորությունները բարձրացնելուն ուղղված համատեղ գործողությունների ծրագիր:
2018 թվականի ծրագրով նախատեսվում է անցկացնել «Ռեգիոնալ անվտանգություն ” 2018» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային վարժանքներ, ինչպես նաև ՀՕՊ ոլորտում այլ միջոցառումներ:
Նիստում հաստավել են նաև մինչև 2020 թ. ինժիներական ոլորտում անդամ երկրների զինված ուժերի համագործակցության միջոցառումները, ինչպես նաև վերանայվել են ռազմական նշանակության արբանյակային կապի համատեղ օգտագործման և տոպոգրաֆիկ տվյալներով ապահովման հարցեր:
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներին ընդունել էր նաև Տաջիկստանի նախագահը: Նախագահի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են մինչև 2020 թ․ կառույցի անդամ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության կոնցեպցիան, ինչպես նաև 2016-2020 թթ․ պետությունների արտաքին սահմանների անվտանգության ապահովման 5-ամյա ծրագիրը։
2016 թվականին կայացած նմանատիպ նիստի ժամանակ ԱՊՀ պաշտպանության նախարարները քննարկել և հավանություն էին տվել ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգի գործունեության ֆինանսավորման և մասնակից պետությունների ՀՕՊ ստորաբաժանումների համագործակցության հարցերին:
Հիշեցնենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը կազմում է տարածաշրջանակային միավորված / միասնական ՀՕՊ համակարգերի գործողությունների համադրություն: Նման միասնական համակարգեր Ռուսաստանը ստեղծել է Բելառուսի և Ղազախստանի և Հայաստանի հետ: Այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում նաև Տաջիկստանի հետ: