Ռազմաշաբաթ. Հայաստան, մայիսի 26-հունիսի 1

Զորացրումը հետաձգվում է դպրոցի ավարտական քննությունների պատճառով։ Օհանյանն ու Խաչատուրովը մեկնաբանել են իրենց միջև հակասությունների մասին լուրերը: Թունավորման դեպք ռազմական ինստիտուտո՞ւմ։ ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստը։ Գիտաժողով. «Ռազմական հոգեբանության խնդիրները»։ Իրավախորհրդատվություն՝ զորակոչիկներին։ ՊՆ-ին հատկացվում է 3.5% ֆինանսավորում։ Ս. Օհանյանը հանդիպեց ազատամարտիկների հետ։ Մայիսի 29-ը՝ Խաղաղապահների միջազգային օր։

1. Կապված դպրոցական ավարտական քննությունների հետ զորացրումն ու զորակոչը կարող է հետաձգվել որոշ դեպքերում մինչև 40 օր։ Այս մասին Ռազմինֆոյի ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այս տարի զորակոչը և համապատասխան զորացրումը կլինի ուշ, քանի որ դպրոցները քննությունների ժամանակացույցի հետ խնդիրներ ունեն։ Այդ պատճառով մայիսը տեղափոխվել է հունիս, իսկ 40 օրը դա ֆիքսված չէ, մարդիկ կլինեն որոնք ավելի շուտ կզորացրվեն, ոմանք էլ ուշ»։

Untitled

2. Նախարարը հերքել է այն լուրը, թե իր ու ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի միջև հակասություն կա։ Խոսակցություններին անդրադարձել է նաև Յուրի Խաչատուրովը ՝ խնդրելով լրագրողներին չխանգարել իրենց աշխատել։

3. Օրեր առաջ լուր տարածվեց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասսայական թունավորում է։ Թեպետ լուրը հերքել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից գլխավոր վարակաբան Արա Ասոյանի օգնականը նշել է, որ զինվորներ ամեն դեպքում հոսպիտալացվել են։

4. ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղակեցնում են, որ մայիսի 27-ին Բիշքեկում ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին ՀԱՊԿ արտգործնախարարենրի, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստի։ Կազմակերպության անդամ երկրները ստորագրեցին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի պատրաստման ևխաղաղապահ առաքելությունների իրականացման մասին որոշումը, 2013թ. երկրորդ կեսին և 2014թ. առաջին կեսին արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցությունների ծրագիրը, համաձայնեցրին կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

5. Մայիսի 29-30 ՊՆ-ում մեկնարկեց «Ռազմական հոգեբանության խնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողով։ Ներկա են եղել ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Գիտաժողովի նպատակն էր համախմբել ռազմական հոգեբանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների: Ըստ Ս. Օհանյանի՝ ռազմական հոգեբանության ոլորտի զարգացումը իրականացվում է ռազմական բարեփոխումների շրջանակներում և շարունակական բնույթ է կրելու։ Նախարարը գիտաժողովի անդամներին հանձնարարեց կազմել միջոցառումների ծրագիր` ճիշտ ընտրելով գործողությունների հաջորդականությունը:

6. Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը Իջևանում իրավախորհրդատվություն տրամադրեցին նախազորակոչային տարիքի երիտասարդներին ու նրանց ծնողներին։ Ներկայացվեց նաև «Իրավական ուղեցույց նորակոչիկի համար» գրքույկը:
Հանրապետական զինկոմիսարիատի իրավաբան աշխատակիցները և փորձագետները պատմեցին զինվորի իրավունքների ու պարտականությունների մասին, պատասխանեցին հարցերին: Նման միջոցառումներ եղել են նաև Գյումրի, Վանաձոր, Աբովյան քաղաքներում:

7. Հայաստանի ԶՈՒ հատկացվող ֆինանսական միջոցները բավարար են զինված ուժերի բնականոն գործունեության համար։ Բացի այդ միջազգային փորձի համաձայն, հատկացումները չպիտի ՀՆԱ-ի 3.5 տոկոսից ավելի լինեն: Այդ մասին Ազգային ժողովում 2012-ի բյուջեից ՊՆ հաշվետվության դռնփակ քննարկումից առաջ նշել է Ս. Օհանյանը: «Կապիտալ ներդրումների ծրագրերի իրականացման շրջանակներում մենք նաև այլ միջոցներ ենք գտնում, որպեսզի հետ չմնանք ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման գործընթացից: Նաև ՀԱՊԿ անդամ ենք ու ավելի էժան են գտնում համապատասխան միջոցներ:

8. Մայիսի 30-ին Ս. Օհանյանը ընդունեց ազատամարտիկների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացավ ազատամարտիկներին հուզող խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ տվեց ոլորտի պատասխանատուներին։

Խաղապահ Բրիգադ

9. Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում նշվեց հայկական խաղաղապահ ուժերի ձևավորման 12-րդ տարեդարձը: Միջոցառումների շրջանակներում մի խումբ զինծառայողներ Կոսովոյում ԱՄՆ զորախմբի կազմում տարած բարեխիղճ ծառայության համար ԱՄՆ ԶՈՒ կողմից պարգևատրվեցին «Բանակի ձեռքբերումների համար» մեդալով: Ս. Օհանյանի հրամաններով խաղաղապահները պարգևատրվեցին «Մարշալ Բաղրամյան», «Նելսոն Ստեփանյան» և «Անբասիր ծառայության համար» գերատեսչական մեդալներով:
Ներկայում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի երեք ստորաբաժանումներ խաղաղապահ առաքելություններ են իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *