Այս տարվա հունվարի 31-ին Ադրբեջանում ոչնչացված խումբը պատրաստվում էր գրոհել երկրի զորամասերից մեկը, պետական հաստատություններ, ինչպես նաև Ադրբեջանի Խորհրդարանի շենքը և սպանել պատգամավորներին. Նման պնդում հրապարակել է ադրբեջանական «Մինվալ» լրատվակայքը:
Ըստ «Մինվալի»՝ նախատեսված գործողությունների մասին իր ցուցմունքներում պատմել է խմբի միակ ողջ մնացած անդամ Ֆարիդ Սադիխովը:
Խումբը բաղկացած էր եղել 5 անդամից, որոնք պարբերաբար հավաքվել էին նրանցից մեկի տանը՝ Բաքվի Գարաչուխուր թաղամասում և քննարկել անելիքները: Նշվում է, որ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը խմբի վնասազերծման գործողություններ իրականացրել էր հենց այդտեղ:
Խումբը սկզբում մտադրություն էր ունեցել Ադրբեջանից մեկնել և համալրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը, սակայն հետո որոշել էր մնալ և գործունեությունը շարունակել Ադրբեջանում:
Գործողությունների համար բավարար միջոցներ ձեռք բերելու համար նախատեսվել էր թալանել գրավատներ, ալկոհոլի խանութներ և ունևոր մարդկանց տներ:
Խմբի գործողությունների աշխարհագրության մեջ էր մտնում նաև Ադրբեջանի հյուսիսային (ՌԴ սահմանակից) Գուսարի շրջանը: Այստեղ նախատեսվում էր գրոհել զորամասերից մեկը (ենթադրաբար զինամթերք ձեռք բերելու համար), ինչպես նաև թալանել տեղի ՏԻՄ ղեկավարությանը:
Խմբի թիրախում են եղել նաև Ադրբեջանի պետանվտանգության ծառայության և ՆԳՆ ակադեմիաները: Նախատեսված էր եղել նաև գրոհել երկրի խորհրդարանի շենքը, համալսարաններ և պետական այլ հաստատություններ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 1-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել էին, որ հունվարի 31-ին իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյուքնում սպանվել է 4 զինյալ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Մ. Ուլուբեկովը, Տ. Ալմամաեդովը, Գ. Դամիրովը և Ս. Մամեդովը: Այն ժամանակ գործողության և խմբի մասին մանրամասներ չէր հողորդվել: