Թուրքիան Իդլիբում տեղակայվելու շուրջ համաձայնության է եկել նաև «Ալ-Նուրսայի» հետ

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերը պետք է Իդլիբում 14 առանձին պահպանության տեղամաս նախանշեն, որտեղ կտեղակայվեն թուրքական ստորաբաժանումները: Հետախուզության համար թուրքական հատուկջոկատայինները նաև անօդաչու թռչող սարքեր են օգտագործում:  Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր թյուրք» լրատվակայքի թղթակից Մուրադ Քարաթաշը:

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Հաթայում՝ Սիրիայի հետ սահմանին. Նկարում 122 մմ «Սաքարյա» ՀԿՌՀ

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Հաթայում՝ Սիրիայի հետ սահմանին. Նկարում 122 մմ «Սաքարյա» ՀԿՌՀ

Թուրքիայի աջակցությամբ Իդլիբում գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը և «Թահրիր աշ-Շամը» (նախկինում՝ Ալ-Կաիդայի սիրիական թև «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորում) համաձայնության են եկել Իդլիբի տարածքը վերահսկողության գոտիների բաժանելու շուրջ:

Նշվում է, որ «ալ-Նուսրան» հավանություն է տվել նշված հատվածներում թուրքական զինուժի ստորաբաժանումների տեղակայմանը: Թուրքական ստորաբաժանումները կվերահսկեն Սիրիայի Իդլիբ նահանգի Բաբ ալ-Հավա և Դարաաթ Իզզա անցակետերի բնակավայերի միջև ընկած գոտին: Բաբ ալ-Հավան Իդլիբի և Թուրքիայի Հաթայ նահանգի սահմանային անցակետ է՝ Հաթայի Ռեյհանլը գավառի դիմաց:

Հատկանշական է, որ այս հատվածը գերթե սահմանազատում է Սիրիայի քրդերի վերահսկած Աֆրին նահանգը և Իդլիբը: Թուրքիայի հովանավորյալ զինյալներին և նաև թուրքական զինուժին թողնվել է հենց այդ շրջանը՝ Իդլիբի՝ Աֆրինին հարող հյուսիսային տարածքները:

Ներկայում թուրքական զինուժը շարունակում է  մարդուժ և զինտեխնիկա կուտակել Սիրիայի սահմանին՝ հենց նշված գոտիների դիմաց:

Թուրքական «Սաբահ» պարբերականը նշում է, որ շուրջ 400 կմ երկարությամբ հատվածում կտեղակայվի Թուրքիայի ԶՈւ 500 զինծառայող՝ նախնակն 6 ամիս ժամկետով: Սակայն թե՛ անձնակազմի, թե՛ զինտեխնիկայի թվաքանակը, թե՛ ժամկետները կարող են ավելացվել:

Թուրքական մեկ այլ՝ Internet Haber լրատվակայքն իր հերթին նշում է, որ հոկտեմբերի 10-ին Իդլիբում՝ անմիջապես Թուրքիայի սահմանի դիմաց, «ալ-Նուսրան» և «Սիրիայի ազատ բանակը» խախտել են հրադադարը: Ըստ այդ աղբյուրի՝ «ալ-Նուրսա» ահաբեկչական կառույցը պահանջում է, որպեսզի Իդլիբում նշված գոտիները վերահսկի Թուրքիայի զինուժը, այլ ոչ թե ՍԱԱ-ն:

Թուրքական զինուժը Իդլիբ է մտնում Աստանայում Ռուսաստանի և Իրանի հետ ձեռբերած համաձայնությամբ: Նման քայլի հայտարարվող պատճառը Իդլիբում կայունության հաստատումը, խախտումների վերահսկումն է:

Սակայն այս փաստերը ևս ցույց են տալիս, որ, ըստ էության, Թուրքիան պլացդարմ է նախապատրաստում Աֆրինում քրդական ուժերի դեմ հնարավոր գործողությունների համար: Տեղակայվելով Իդլիբի հյուսիսում՝ Թուրքիան փաստացի գրեթե 4 կողմից շրջափակում է քրդերին՝ թողնելով միայն նեղ միջանցք դեպի Հալեպ, որտեղ Սիրիայի բանակն է:

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *