Սեպտեմբերի 11-ից ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը ստուգումներ է անցկացրել 4-րդ բանակային կորպուսում: Գեներալ- գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ սկզբնական փուլում ստուգվել են զորամասերը, զորամիավորման վարչության ապահովող և սպասարկող ստորաբաժանումները: Այս մասին հոկտեմբերի 11-ին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը:
Ստուգվել են զինծառայողների անհատական պարագաներով համալրվածությունը, զինտեխնիկայի պատրաստությունը (սարքին լինելը և համապատասխան միջոցներով ապահովվածությունը):
Ստուգատեսի հաջորդ փուլում անցկացվել են ստորաբաժանումների կազմով և անհատական քննություններ: Ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակը գնահատավել է հետևյալ քննությունների արդյունքում՝
- Ղեկավար փաստաթղթերի, զորահավաքային, օպերատիվ, գաղափարաիրավական,
հասարակական պետական և այլ առարկաների իմացություն, - Կրակային պատրաստություն, այդ թվում՝ հրետանային բոլոր ստորաբաժանումների մակարդակով:
Զորամասերի անհատական և ստորաբաժանումների կազմով մարտական պատրաստության, պատրաստականության վերաբերյալ լիարժեք գնահատական տալու նպատակով իրականացվել է շրջակա բնակավայրերից զորահամալրում: Այս փուլին ներգրավվել են նաև բնակավայրերի ղեկավարները, տարածքային զինկոմիսարիատները:
Ստուգատեսի ավարտին ներկայացվել են արդյունքները՝ ըստ զորամասերի և առարկաների: Գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գ. Գաբրիելյանը նշել է, որ, չնայած տեղ գտած որոշ թերություններին, զորամիավորումը «մարտական պատրաստության առումով պատրաստ [է] և ունակ կատարելու իր առջև դրված ցանկացած մարտական առաջադրանք»:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերիկ Քոչարյանը նշել է, որ թերությունները կարճ ժամանակում կշտկվեն, թերացող զինծառայողներին համապատասխան խնդիրներ կառաջադրեն, իսկ բարեխիղճ զինծառայողներին՝ կխրախուսեն: