Հոկտեմբերի 10-ին Վրաստանի տարածքային ջրերում՝ Սև ծովում, անցկացվել են վրացական սահմանապահ ոստիկանության և Թուրքիայի առափնյա անվտանգության հրամանատարության համատեղ վարժանքներ: Թուրքական կողմից ներգրավվել է մեկ պարեկանավ՝ TCSG-97: Այս մասին հայտնում է Վրաստանի սահմանապահ ոստիկանության կայքը:
Զորավարժության ընթացքում խաղարկվել են համատեղ մանևրներ և որոնողափրկարարական գործողություններ: Վարժանքների հայտարարվող նպատակը համատեղ գործողությունների կոորդինացումը և համագործակցության մակարդակի բարձրացումն է:
Վարժանքներն անցկացվել են Թուրքիայի և Վրաստանի միջև 2017 թ. պլանային համագործակցության ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ենթադրում է համատեղ այցեր, ծովային զորավարժություններ, փորձի փոխանակում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Թուրքիայի և Վրաստանի սահմանապահները Ախալցխայի սահմանային անցակետի և թուրքական տարածքի միջև ընկած հատվածում համատեղ ցամաքային վարժանքներ էին արել: