Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.): Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրությունում:
[Լրացում]. «Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորված պարտադիր ժամկետային զինծառայողը մահացել է հոսպիտալում. հարուցվել է քրեական գործ», – այս մասին նշվում է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում: Զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից՝ զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ և անմիջապես տեղափոխվել զինհոսպիտալ։
Զինծառայողը մահացել է հոկտեմբերի 10-ի ժամը 21:00-ին՝ հոսպիտալում: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (Սպանությունը ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):