Ռազմաշաբաթի ամփոփում. Ադրբեջան. մայիսի 20-26

Ադրբեջանի ԶՈՒ. 1 զոհ, 1 վիրավոր այս շաբաթ: Ադրբեջանը դուրս է բերում իր վաշտը Աֆղանստանից: Իսպանիայի Պն պատվիրակությունը Բաքվում է: Սաֆար Աբիևը մասնակցել է Եվրոպայի անվտանգության համաժողովին:

1. Մայիսի 22-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի փոխխոսնակ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է, որ Շամխորի բանակային կորպուսի Դաշքեսանի շրջանի զորամասերից մեկում հրազենային վնասվածք է ստացել զինվոր Ամիրով Սեյմուր Մահիր օղլուն։ Վերջինս տեղափոխվել է հոսպիտալ։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ զինվորը վիրավորվել է հայկական կողմի կրակի պատճառով։ ՀՀ ՊՆ խոսնակ Ա. Հովհաննիսյանը Razm.info-ի հարցմանը պատասխանեց, որ սա հերթական ապատեղեկատվությունն է, և հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը։

Razm.info-ն արդեն տեղեկացրել էր, որ մարտի 30-ին Շահումյանի շրջանի (ադրբ.՝ «Գերանբոյի շրջանի») զորամասերից մեկում զինծառայող Սամիր Ալիևը հրազենի մաքրման ժամանակ անզգուշությամբ կրակել ու վիրավորել է զինվոր Թողրուլ Աբդուլլազադեին։ Ադրբեջանի ՊՆ մահացել է մամուլի փոխխոսնակը հաստատեց, որ զինվորի կյանքը փրկել չի հաջողվել, և մայիսի 23-ին նա մահացել է հոսպիտալում:
Այսպիսով, եթե վստահենք ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի տվյալներին, ընթացիկ տարում Ադրբեջանի ԶՈւ-ն գրանցել է 38 զոհ, 34 վիրավոր:

2.ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Միլլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ վեհաժողովի գարնանային նստաշրջանում հարց է բարձրացվել Աֆղանստանից ԱՄՆ և ՆԱՏՕ գործընկերների զորքերի դուրս բերման մասին, իսկ Աֆղանստանի անվտանգությունը կապահովեն տեղի զինված ուժերը: Ըստ այդմ էլ՝ 2014-ի սկզբին ծրագրվում է հետ կանչել նաև ադրբեջանական 94-հոգանոց վաշտը:

Ռուսական «Независимой газета»-ի թղթակցի հետ հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլդար Մամեդյարովը մեկնաբանել է ԱՄՆ և Ադրբեջանի զորքերի դուրս բերումը Աֆղանստանից՝ նշելով հնարավոր մուլտիմոդալ (մեկից ավելի տրանսպորտային միջոցներով) փոխադրումների ուղիները. հյուսիսային՝ Ռուսաստանով և Ուզբեկստանով, երկրորդը՝ Պակիստանի Կարաչի քաղաքով, երրորդը՝ ինքնաթիռով մինչև Բաքու, ապա երկաթուղով դեպի վրացական սևծովյան նավահանգիստներ կամ Թուրքիա՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին գործի դնելուց հետո: Ըստ Մամեդյարովի՝ Կասպից ծովի երթուղու օգտագործումը դեռևս քննարկման փուլում է, բայց Ադրբեջանի անունից կարող է ասել, որ Կասպից ծովում դժվար թե հայտնվի ամերիկյան ռազմածովային բազա:

3.Մայիսի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան էր ժամանել Իսպանիայի թագավորության պատվիրակությունը, որի կազմում են նաև պաշտպանության նախարար Պեդրո Մորենես Ալվարես դե Էլուատեն և միացյալ շտաբի պետ, ծովակալ Ֆերնանդո Գարսիա Սանչեսը։

Իլհամ Ալիևն ընդունում է Իսպանիայի պաշտպանության նախարարին

Իլհամ Ալիևն ընդունում է Իսպանիայի պաշտպանության նախարարին


Պաշտոնական հանդիպումները մեկնարկեցին մայիսի 21-ին. Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Էլուատեն շեշտեց, որ իր այցը Բաքու լավ հնարավորություն է՝ ռազմական բնագավառում երկկողմանի համագործակցության հեռանկարները քննարկելու, իսկ Սաֆար Աբիևի հետ հանդիպմանը, որին ներկա էին նաև երկու երկրների դեսպանները, կողմերը քննարկեցին կնքվելիք ռազմական համագործակցության համաձայնագիրը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հերթական անգամ դժգոհեց արցախյան հիմնախնդրի լուծման հարցում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներից ՝ հավաստիացնելով, որ իբր այդ պատճառով էլ իրենք հարկադրված են հատուկ ուշադրություն ընձեռել ԶՈՒ-ին և սպառազինությանը։

4.Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը մայիսի 22-ին ուղևորվել է Մոսկվա՝ «Եվրոպայի անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» միջազգային համաժողովին մասնակցելու համար, որտեղ երկկողմանի հանդիպումներ է ունեցել այլ երկրների իր պաշտոնակիցների հետ։ Մայիսի 23-ին փակ դռների ետևում կայացավ Աբիևի և ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը, որը տևեց շուրջ 20 րոպե: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլիյ Անտոնովն ու վերջինիս ադրբեջանցի պաշտոնակից Ռամիզ Նաջարովը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ համաժողովին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *