Հոկտեմբերի 10-ին Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մաթար բին Ալի ալ-Օբայդանին Թեհրանում հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիին։ Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակից։ Այս մասին հայտնում է Իրանի ՊՆ կայքը։
Հոկտեմբերի 10-ին Օբայդանին հանդիպել է նաև Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի միջազգային հարցերով տեղակալ և «Իրան-Օման ռազմական բարեկամության ընդհանուր կոմիտեի» նախագահ Ղադիր Նեզամիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրանի և Օմանի ռազմական համագործակցության ու հարաբերությունների առկա իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։
Ըստ իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության՝ Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատարը այցելել է նաև շահիդ Լաշքյարի անվան ՌՕՈւ բազա։
Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մաթար բին Ալի ալ-Օբայդանին քառօրյա այցով Իրանում է հոկտեմբերի 9-ից։
Ավելի վաղ Օբայդանին հանդիպել էր այդ երկրի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Շահսաֆիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել էին 2 երկրների ռազմական համագործակցության խորացումը։