Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի Դեր Զոր նահանգի Խաթլա բնակավայրի մոտակայքում, արդյունքում սպանվել է 34 ահաբեկիչ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նույն օրը ՌԴ օդուժը հարվածել է իսլամիստ զինյալների դիրքերին Դեր Զոր քաղաքից 45 կմ արևելք ընկած ալ-Մայադին քաղաքի մոտակայքում, սպանվել է շուրջ 70 զինյալ:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ ՌԴ օդուժի անօդաչու թռչող սարքերի հետախուզական թռիչքների միջոցով ճշտվել են ԻՊ զինյալների խոշոր հենակետի կոորդինատները: Բացի այդ, ոչնչացվել են զինյալների հրետանային միջոցների և տանկերի համար նախատեսված զենքի պահեստները: ԻՊ զինյալների թիրախները ոչնչացնելու համար թռիչքներ են կատարել ՌԴ օդուժի ՍՈւ-34 ճակատային ռմբակոծիչները, ընդհանուր առմամբ 14 հարված է հասցվել:
Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնյայի տվյալների՝ մեկ օրում Սիրիայում սպանվել է ԻՊ շուրջ 100 զինյալ:
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Սիրիայի կառավարական զորքերը մտել են Դեր Զոր քաղաքից 45կմ արևելք գտնվող ԻՊ խոշոր հենակետ ալ-Մայադին քաղաք։ Սրան զուգահեռ կառավարական բանակը հաջողություններ է գրանցում ԻՊ դեմ նաև Դեր Զոր նահանգում, որը ահաբեկիչների վերջին խոշոր հենակետն է Սիրիայում: