Հոկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին և ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին: Այս մասին հայտնում է ՀՀ Պն կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հետախուզության վարչության նոր պետին և խաղաղապահ բրիգադի նոր հրամանատարին
«Չափազանց կարևորելով բարձրագույն սպայական և հրամանատարական կազմի պարբերական հաճախականությամբ տեղաշարժերը տարբեր ստորաբաժանումներ, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՀՀ նախագահի հրամանագրերով պատասխանատու պաշտոնների նշանակված գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և գնդապետ Վաղինակ Սարգսյանը ջանք ու եռանդ չեն խնայի ներդնելու իրենց գիտելիքներն ու ողջ մասնագիտական ներուժը ԶՈւ-երի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու և հաջողությունների նոր նշաձող սահմանելու համար», – նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնում նշանակվել էր սեպտեմբերի 29-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով:
Նույն օրը, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատված գնդապետ Վաղինակ Սարգսյանը նշանակվել էր խաղաղապահ բրիգադի հրամանատարի պաշտոնում՝ փոխարինելով գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին: