Իրանի հետախուզական ուժերը մի քանի ահաբեկիչների են ձերբակալել երկրում

Իրանի հետախուզական ուժերը իսլամական մոհարրամ ամսվա (սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 20) ընթացքում ձերբակալել են մի քանի ահաբեկիչների, ովքեր նպատակադրվել էին երկրի տարբեր նահանգներում «հակաանվտանգային գործողություններ» իրականացնել։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին։ Փոխանցում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։

Ըստ Ալավիի՝ ահաբեկիչները միմյանցից առանձին են գործել։

«Նրանց թվաքանակը շատ չի եղել, և նրանց գործողությունները նույնպես խմբային չեն եղել», ” հայտարարել է Ալավին։

Իրանի ԶՈւ «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության զինվորներ

Իրանի ԶՈւ «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության զինվորներ

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ուժայինները Թեհրանի Շահրիար շրջանում ձերբակալել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Աջնադ ալ-Շամ» ճյուղավորման անդամի։

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ահաբեկիչները հարձակվել էին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվել էր 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Իսլամական պետությունը»:

Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանը խստացրել է հսկողությունը և ահաբեկիչների «որս» է սկսել։ Գործի դնելով  ուժային կառույցները՝ Իրանը արդեն տասնյակ ահաբեկիչների է վնասազերծել։ Իսկ հունիսի 18-ին, ի պատասխան Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *