Չեխիայի ռազմարդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը այցելել է Ադրբեջան: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պաշտպանության, ռազմարդյունաբերության նախարարություններում և այլ ռազմական կառույցներում ու ընկերություններում: Այս մասին հայտնում է ադրբեջանական Azeri Defence մասնագիտացված կայքը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:
Ադրբեջանական կողմը չի նշում, թե կոնկրետ, որ ընկերությունների ներկայացուցիչներն են այցելել Ադրբեջան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ Ադրբեջանին զենքի վաճառք իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը, և այժմ հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է կատարվել այդ գործարքը:
Չեխիայում ռազմական նշանակության տեխնիկայի արտահանման համար անհրաժեշտ է թույտվություն ստանալ պաշտպանության, արտաքին գործերի, ինչպես նաև առևտրի ու արդյունաբերության նախարարություններից, որոնք, սակայն, ևս անտեղյակ են եղել Ադրբեջանում չեխական զենքի հայտնվելուց: Այս գործը շարունակում են ուսումնասիրել չեխական հատուկ ծառայությունները:
Դեռևս այս տարվա սեպտեմբերի 18-ին Ադրբեջանում անցկացվող զորավարժության ժամանակ ցուցադրվել են չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հրետանային կայաններ և RM-70 Vampir ՀԿՌՀ: Չեխական Hospodářské noviny պարբերականի հետաքննող լրագրող Օնդրա Սոուկուպի ուսումնասիրությանը և տեխնիկայի՝ Ադրբեջանում հայտնվելու հնարավոր տարբերակներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: