Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ին երկրի տարածքում և Իրաքում

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Թունջելի նահանգում և Իրաքի հյուսիսային շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Թունջելիի Օվաջըք գավառում քուրդ զինյալները հարձակման են պատրաստվել, երբ օդուժը հարվածել է նրանց: Թուրքական կողմի պնդմամբ՝ «չեզոքացվել է» 2 զինյալ:

Իրաքի Քանդիլ շրջանում հարվածների արդյունքում ոչնչացվել են PKK-ի ճամբարներն ու թաքստոցները:

Վերջին շրջանում Թուրքիայի օդուժը գրեթե ամեն օր է հարվածում Իրաքում քրդական կառույցի դիրքերին: Իրաքի լեռնային հատվածներում են գտնվում PKK-ի հիմնական բազաները և ճամբարները:

Թուրքիայի տարածքում քրդերի դեմ գործողություններում ներգրավված է ինչպես օդուժը, այնպես էլ ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումներ, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ նշանակության ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *