Թուրքիան հատուկջոկատայիններ է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ. «Հյուրիեթ»

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի զինված ուժերը հատուկ նշանակության ջոկատ են ուղարկել Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում ձևավորված «ոչ բախումային գոտի»: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Հատուկջոկատայինների խումբն ուղղարկվել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի 4-րդ կորպուսի կազմում գտնվող հատուկ նշանակության ուժերի 1-ին բրիգադի հրամանատարությունից:

Հիշեցնենք, որ նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբի «ոչ բախումային գոտու» ներսում ծառայություն են իրականացնելու Թուրքիայի զինված ուժերը, իսկ դրա սահմաններից դուրս՝ Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումները:

Իդլիբ նահանգում ներկայում գործում են տարբեր զինյալ և ահաբեկչական խմբավորումներ: Սեպտեմբերի 13-15-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել էր Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ փուլը: Դրանց ընթացքում կողմերը համաձայնության էին եկել Իդլիբ նահանգում ևս «ապաէսկալացման գոտի» ստեղծելու վերաբերյալ:

Սիրիայում «ապաէսկալացման գոտիների» ստեղծման և հրադադարի պահպանման երաշխավորներ են Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:

Իդլիբում զորքերի տեղակայելով՝ Թուրքիան կտրուկ մեծացնում է Սիրիայում իր վերահսկած տարածքները: Ներկայում Թուրքիայի զինուժը տեղակայված է նաև Ջերաբլուսից Ազեզ ընկած հատվածում՝ զբաղեցնելով մոտ 2000 քառ. կմ տարածք:

Սիրիայում գործող «ոչ բախումային գոտիները». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

Սիրիայում գործող «ոչ բախումային գոտիները». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *