Իրաքի կառավարական ուժերը ազատագրել են երկրում ԻՊ վերջին հենակետերից Հավիջա քաղաքը

Իրաքի կառավարական բանակը ազատագրել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետերից Հավիջա քաղաքը, որն ընկած է Քիրքուքից արևմուտք։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է Հավիջայի ազատագրման գործողությունը ղեկավարող Իրաքի բանակի հրամանատարներից գեներալ-լեյտենանտ Աբդուլ Ամիր Յարալլահը, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։

Իրաքի կառավարական ուժերը՝ Թալ Աֆարի գրոհի ընթացքում

Իրաքի կառավարական ուժերը՝ Թալ Աֆարի գրոհի ընթացքում

«Բանակի 9-րդ տանկային դիվիզիան, դաշնային ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների ահազանգման դիվիզիան և ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը ազատագրել են Հավիջան»,- հայտարարել է Աբդուլ Ամիր Յարալլահը:

Հավիջայի ազատագրման մասին հայտարարել է նաև Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին։

Հավիջա քաղաքը Իրաքում «Իսլամական պետության» վերահսկած վերջին կարևոր բնակավայրերից է: Քաղաքը «Իսլամական պետության» ձեռքում էր 2014 թվականից։ Հավիջայի ազատագրման գործողությունները սկսվել էին 2017-ի սեպտեմբերի վերջից։

«Իսլամական պետությունը» Իրաքում կորցրել է իր վերահսկած կարևոր տարածքների մեծ մասը: Վերջին մի քանի ամիսներին Իրաքի կառավարական բանակին հաջողվել է ԻՊ զինյալներից ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Մոսուլ և Թալ-Աֆար քաղաքները, մի շարք այլ բնակավայրեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *