Սիրիայում ահաբեկիչների դեմ մղած մարտերում զոհվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից հովանավորվող, աֆղանցիներից կազմված «Ֆաթեմյուն» ջոկատի զինծառայող Մոջթաբա Էբրահիմին։ Այս մասին հոկտեմբերի 4-ին տեղեկացնում է իրանական «Աբնա» լրատվական գործակալությունը։
Մոջթաբա Էբրահիմին բնակվել է Իրանի Ալբորզ նահանգի Ֆարդիսի շրջանի Զիբադաշտ գյուղում։ Զինծառայողի մահվան հանգամանքների մասին մանրամասն տվյալներ չեն հրապարակվել։
«Ֆաթեմյունի» ջոկատը կազմավորվել է 2014-ին, հիմնականում Իրան ներգաղթած աֆղանցիներից։ Ջոկատի զինծառայողների հստակ թվաքանակ հայտնի չէ։ Ըստ Wall Street Journal պարբերականի՝ աֆղանցիներին Իրանը ամսական 500 ԱՄՆ դոլար է վճարում։
Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը, և չնայած Սիրիայում պարբերաբար Իրանի կողմից ուղարկված մարտիկներ են զոհվում՝ այնուամենայնիվ իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում: Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ։
«Ֆաթեմյունի» ջոկատից բացի Իրանը Սիրիա է ուղարկում նաև պակիստանցիներից կազմված «Զեյնաբիունի» ջոկատը։