ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը 87 «կողմ» և 7 «դեմ» հարաբերակցությամբ վավերացրել է Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը: Այն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից համաձայնագրի վավերացման մասին օրենքի ստորագրելուց և հրապարակվելուց հետո:

Համաձայնագիրը կողմերը ստորագրել են 2016թ նոյեմբերի 30-ին: Զորախմբի նպատակը ժամանակին երկու կողմերի նկատմամբ ագրեսիայի նախապատրաստումը հայտնաբերելը և այն հետ մղելն է՝ երկու կողմերի զինված ուժերի և այլ զորքերի միջոցով:

Զորախմբի կազմի մեջ են մտնում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի սորաբաժանումների մի մասը և ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան:

Համաձայնագրի գործողության ժամկետը 5 տարի է: Ժամկետի ավարտից հետո այն ինքնաբերաբար կերկարացվի ևս 5-ական տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու մասին նախօրոք չտեղեկացնի մյուս կողմին:

2016 թ. հուլիսից  միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը (կենտրոնում) զորավարժության ընթացքում ցուցումներ տալիս

Միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը (կենտրոնում) զորավարժության ընթացքում ցուցումներ տալիս. (արխիվ)

ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ին  հավանության էր արժանացրել համաձայնագիրը վավերացնելու մասին որոշման նախագիծը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին 2016թ. նոյեմբերին ստորագրված համաձայնագրի վավերացման մասին օրենքը ստորագրել էր 2017-ի հուլիսին:

Ավելացնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշել էր, որ համաձայնագիրը «նախատեսում է [գործողություններ] միայն ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների կիրառման դեպքում»: Փոխնախարարն այդպիսով նշել էր, որ համաձայնագիրն Արցախին չի վերաբերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *