Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը հերթական գիշերային վարժանքներն են անցկացրել թուրք-իրաքյան սահմանին՝ անմիջապես Իրաքյան Քրդստանին սահմանակից տարածքներում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Զորավարժությունը անցկացվում է Թուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփի գավառում: Հոկտեմբերի 4-ի երեկոյան գավառ է այցելել Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Իսմայիլ Մեթին Թեմելը: Այցի ընթացքում նա եղել է նաև զորավարժությանը անցկացման վայրում և հետևել է զորավարժության ընթացքին:
Զորավարժությունը ղեկավարում են 2-րդ բանակի 7-րդ կորպուսի հրամանատարն ու 4-րդ կորպուսի 28-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատարը: 2-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում, շտաբը գտնվում է Մալաթիայում:
Թուրք-իրաքյան համատեղ զորավարժությանը զուգահեռ Իրաքի հետ սահմանին վարժանքներ են անցկացնում նաև Իրանի և Իրաքի զինված ուժերը:
Իրաքը, Իրանը և Թուրքիան կտրականապես դեմ են քրդերի անկախացմանը և սպառնացել են դիմել մի շարք միջոցների, այդ թվում նաև ռազմական գործողությունների: Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք ամեն պահ պատրաստ են ռազմական գործողություններ սկսել Իրաքյան Քրդստանի դեմ: