Օրերս գործարկվել է «Ապրիլյան պատերազմ 2016» կայքը (april2016.am) 2016 թ. ապրիլյան մարտերի, զոհվածների կյանքի ու մարտական սխրանքների, հայ-ադրբեջանական պատերազմի ներկա փուլի մասին։
Ռազմինֆոն զրուցել է ծրագրի ղեկավար, կայքի խմբագիր Ալվինա Աղաբաբյանի հետ:
Աղաբաբյանը պատմում է, որ կայքի ստեղծումը սկսվել է 2016 թ. մայիսից. ապրիլյան մարտերի մասին համապարփակ և օբյեկտիվ տեղեկատվության պակաս կար, այդ իրադարձությունների ամբողջական և ճշգրիտ պատկեր ստեղծելու խնդիր կար, որը հետագայում կունենար նաև աղբյուրագիտական նշանակություն.
«Տեղի ունեցած մարտական գործողությունների, դրանց առանձին դրվագների վերաբերյալ տարածվում էին տարբեր տեղեկություններ և տեսակետներ, հաճախ՝ հակասական և իրարամերժ, զոհված զինծառայողների և կամավոր մեկնած պահեստազորի զինապարտների մասին շրջանառվում էին տարբեր պատումներ, որոնք խառնաշփոթ էին առաջացնում և ծնունդ տալիս տարբեր միֆերի»:
Ծրագրի ղեկավարի խոսքով՝ կայքում տեղեկատվությունը թարմացվում է և թարմացվելու է անընդհատ՝ մինչև հնարավորինս ամբողջական համալրումը:
Կայքն ունի նաև ադրբեջաներեն տարբերակ։ Ըստ խմբագրի, այնտեղ ներկայացված են հարցեր ու պատասխաներ հակամարտության տարբեր կարևոր խնդիրների շուրջ, որոնք կարող են հետաքրքրել ադրբեջանցի ընթերցողներին: Ըստ այդմ այդ բաժնի բովանդակությունը տարբեր է հայալեզու համապատասխան խորագրի բովանդակությունից:
«Այնտեղ ներառված են հարցեր և պնդումներ, որոնք հետաքրքրում, հուզում են Ադրբեջանի հասարակությանը և լայնորեն շրջանառվում են, սկսած նրանից, որ ադրբեջանական զինված ուժերը ապրիլին «բազում տարածքներ են ազատագրել» մինչև այն, թե արդյոք մենք առ այսօր 90-ականներից պատերազմական գերիներ ենք պահում»:
Կայքի հիմնադիրներն ակնկալում են, որ այդ տեղեկություններն առնվազն հարցեր կառաջացնեն շարքային ադրբեջանցու մոտ, կդրդի ադրբեջանական աղբյուրներով իրեն հրամցվող քարոզչությունից զատ այլ աղբյուրներից էլ տեղեկություններ ստանալ Հայաստանի, հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան պատերազմի, ապրիլյան մարտական գործողությունների և այլ խնդիրների վերաբերյալ:
Աղաբաբյանի կարծիքով դեռ վաղ է գնահատել, թե որքանով է կայքը տարածվել ադրբեջանական լսարանում.
«Այս պահին կայքի վերաբերյալ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների արձագանքն ըստ էության սպասելի էր. այն արդեն որակվել է որպես Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից ղեկավարվող ռեսուրս, որի նպատակն իբրև թե «Ադրբեջանի բանակի ապրիլյան հաղթանակը ստվերելը և բնակչության շրջանում խուճապ ստեղծելն է»:
Այժմ մտածում են ադրբեջաներեն տարբերակի համար սոցցանցերում որևէ հարթակ ստեղծելու ուղղությամբ, փորձում են նախընտրելի տարբերակ, ձևաչափ գտնել՝ հաշվի առնելով նյութի բովանդակությունն ու բնույթը:
Կայքը թողարկվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության և ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով: