Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների՝ Սիրիայի «Ժողովրդական միություն կուսակցություն» (PYD) խմբավորմանը զենքի մատակարարումների շարունակվելու դեպքում, Թուրքիան չի սահմանափակվի միայն զգուշացումներով: Փոխանցում է թուրքական T24 հեռուտաալիքի կայքը:
«Մշտապես հայտարարվել է, որ ԱՄՆ-ն PYD-ին զենք է տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում օգտագործելու նպատակով: Ներկայում ԻՊ սպառնալիքը մեծամասամբ չեզոքացվել է: Սրանից հետո «ահաբեկչական այդ խմբավորմանը» [PYD-ին — խմբ.] զենքի տրամադրումը ոչ մի բացատրություն և ոչ մի պատճառաբանություն չունի:
Ինչո՞ւ եք դեռ շարունակում զենք մատակարարել: Գիտակցում ենք, որ այդ զենքը վաղ թե ուշ ուղղվելու է Թուրքիայի դեմ: Զենք մատակարարող երկրներին ամեն առիթով ամենաբարձր մակարդակներով զգուշացնում ենք: Միայն զգուշացումներով չենք սահմանափակվում և չենք սահմանափակվելու», — հայտարարել է Նուրեթթին Ջանիքլին:
Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ սեպտեմբերի վերջին մի քանի օրերին Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական ուժերին 200 բեռնատար զենք ու զինամթերք է ուղարկել: Դրանց թվում են եղել նաև ամերիկյան արտադրության MRAP դասի զրահամեքենաներ:
Ներկայում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը, որոնց կազմում կան նաև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման մարտիկներ, շարունակում է գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ռաքքա քաղաքի ազատագրման համար:
Սրա զուգահեռ քրդական ուժերը ԻՊ դեմ նոր գրոհ են սկսել Սիրիայի Դեր Զոր նահանգի հյուսիսային մասից և արևելյան մասից մոտեցել նահանգի համանուն քաղաքին:
Թուրքական կողմը քրդական PYD-ին և դրա ռազմական թև YPG-ին համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) «սիրիական թև» և բնորոշում է որպես ահաբեկչական կառույցներ:
Քրդական ուժերին Միացյալ Նահանգների աջակցությունը խիստ բացասաբար է ընդունվում Թուրքիայի իշխանությունների կողմից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում, ակնարկելով Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի ուղարկած զենքն ու զինամթերքը, հայտարարել է. «Մենք ամերիկացիքին գումար ենք տալիս, որ մեզ զենք վաճառեն, չեն վաճառում, բայց «ահաբեկիչներին» անվճար նվիրում են»: