Թուրք-իրաքյան սահմանին՝ անմիջապես Իրաքյան Քրդստանի վերահսկած գոտու դիմաց, շարունակվում է Թուրքիայի և Իրաքի ԶՈւ ստորաբաժանումների զորավարժությունը: Երկու երկրների զինուժները հոկտեմբերի 3-ին խաղարկել են «հակառակորդի շրջապատման և զրահատեխնիկայով դիրքերի գրավման» առաջադրանքներ:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Զորավարժությունը մեկնարկել էր սեպտեմբերի 18-ին: Ավելի ուշ՝ սեպտեմբերի 25-ին Իրաքյանա Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեից հետո, զորավարժությանը միացել է նաև Իրաքի զինուժը:
Վարժանքներն անցկացվում են Թուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփի գավառի Հաբուր սահմանային անցակետի դիմաց՝ քրդերի վերահսկած գոտուց 2-3 կմ հեռավորության վրա:
Հոկտեմբերի 3-ի ցերեկային վարժանքներին թուրք-իրաքյան ստորաբաժանումները խաղարկել են ծայրահեղ կարևոր տարածքի/օբյեկտի գրավման և պահպանման նպատակով «թշնամու ստորաբաժանումների շրջապատման, այնուհետև՝ զրահատեխնիկայով տրանսպորտից իջնելով՝ դիրքերի գրավման առաջադրանքներ:
Հոկտեմբերի լույս 3-ի գիշերն անցկացվել էր զորավարժության գիշերային հերթական փուլը: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 27-ին կողմերը խաղարկել էին զրահատեխնիկայով «որոշված թիրախի ուղղությամբ հարձակման անցնելու գործողություններ»:
Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշեցրել էր այս զորավարժության մասին՝ ակնարկելով, որ իրենք ամեն պահ պատրաստ են ռազմական գործողություններ սկսել Իրաքյան Քրդստանի դեմ:
Սրան զուգահեռ նմանատիպ վարժանքներ են անում նաև Իրաքի և Իրանի ԶՈւ ստորաբաժանումները: