Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Իրան այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի նախագահ Հասան Ռոհանիին: Այս մասին հայտնում է Իրանի նախագահի կայքը:
Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թուրքիան և Իրանը պետք է փորձեն էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև ռազմական և պաշտպանության ոլորտում համագործակցությունը:
Ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության՝ Հուլուսի Աքարն ու Հասան Ռոհանին քննարկել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեն, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը նաև հանդիպել է Իրանի Միջազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիին:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Հուլուսի Աքարը հանդիպել է նաև Իրանի ԶՈւ ԳՇ պետ Հոսեյն Բաղերիին: Կողմերը քննարկել են տարածաշրջանի իրադրությունը, այդ թվում՝ Իրաքյան Քրդստանի հարցը:
Մինչև Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացումը՝ օգոստոսի 15-ին, Թուրքիա էր այցելել Իրանի ԶՈւ ԳՇ պետը: Կողմերը կրկին Իրաքյան Քրդստանի թեմային էին անդրադարձել: Թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը և թե՛ Բաղդադը դեմ են Քրդստանի անկախացմանը և պատրաստ են անգամ ռազմական գործողությունների դիմել: