Ռազմաշաբաթի ամփոփում. Ադրբեջան. մայիսի 12-19

Շամխորում զինվորն ինքնասպանություն է գործել։ Ավտովթարից 4 զինվոր զոհվել է, 7-ը՝ վիրավորվել: Պայթյուն՝ ռազմական արտադրամասում։ Ադրբեջանի ազգային հերոս է մահացել։ Զորավարժություններ՝ շփման գծում։ Ապատեղեկատվություն՝ իբր վիրավոր ու գերեվարված ռուս դիպուկահարի մասին։ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ էմբարգոն։ Ավարտվել է Մինգեչաուրի ՀԷԿ անվտանգության նախագիծը։ Նախիջևանում վետերաններին վտարում են զինավանից։

1. Մայիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց, որ Շամխորի բանակային կորպուսի Թովուզի շրջանի զորամասերից մեկում զոհվել է շարքային Ալիզադե Ռամիլ Էթրաֆ օղլուն (ծնվ. 1994 թ.) ՝ սեփական տաբելային զենքից արձակված կրակից։ Զինվորը զորակոչվել էր 2012-ի ապրիլին Լենքորանի շրջանից։

Ադրբեջանի ՆԶ մամուլի ծառայության պետ Թարան Մամեդովան հայտարարել է, որ մայիսի 18-ին Ղուբայի շրջանում ավտոճանապարհային պատահարի ենթարկված մեքենան ռազմական չէր ու պատկանում էր մահացած զինվորներից մեկին: Մեքենայի մեջ էին 11 զինծառայող, որոնցից ծանր վնասվածքներ է ստացել 7-ը՝ Իսկենդերով Աֆղան Շարիֆ օղլուն (ծնվ. 1992թ.), Մամեդով Ֆարիզ Էլբեյ օղլուն (ծնվ. 1986թ.), Հասանով Էլնուր Մաքսիմ օղլուն, Մուսաև Ռուսլան Սաբիր օղլուն, Իսմիև Էլբեյ Ադալյաթ օղլուն, Իսաև Նամիգ Հահրաման օղլուն, Աղալիզադե Իսմայիլ Բահալեդդին օղլուն (ծնվ. 1992թ.): Վթարի արդյունքում զոհված զինծառայողները չորսն են՝ Այազ Բայրամով, Ռաշիդ Ադիգեզալով, Սեյմուր Ալիև և Էլմուր Իսմայիլև: Ըստ Մամեդովայի՝ պատահարի պատճառներն են անձրևային եղանակը, ողորկ ճանապարհն ու անսարք անիվները:

Այսպիսով, եթե վստահենք ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի տվյալներին, ընթացիկ տարում Ադրբեջանի ԶՈւ-ն գրանցել է 37 զոհ, 33 վիրավոր:

2. Մայիսի 15-ին Խազարի շրջանի ոստիկանությունը հայտարարեց, որ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Iglim» գիտաարդյունաբերական հիմնարկի արտադրամասերից մեկում պայթյունից ստացած ծանր այրվածքներից զոհվել է գործարանի աշխատակից Ադիգեզալ Մահերամովը։ Պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն։ Նշենք, որ «Iglim» ձեռնարկությունը հիմնվել է 1961-ին, իսկ 2006-ից գործում է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ենթակայության ներքո։

3. Մայիսի 15-ին ինֆարկտից մահացել է դեռևս 1995-ին Ադրբեջանի ազգային հերոսի կոչում ստացած, գնդապետ Էլդար Աղաևը: Նրա կողմից ստեղծված գումարտակը մասնակցել է 1994-ի Տերտերի շրջանի մարտերին: Կյանքի վերջին տարիներին Աղաևը դասավանդել է ռազմական ակադեմիայում և աշխատել ներքին զորքերում: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ շեշտել են այն փաստը, որ պատգամավորներ, իշխանամետ ԶԼՄ-ների և կառավարության ներկայացուցիչներ ներկա չեն եղել գնդապետի հուղարկավորության արարողությանը:

4. Մայիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ ադրբեջանական ԶՈՒ-ն, այդ թվում՝ ցամաքային զորքերն ու ՌՕՈՒ-ն, պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի ղեկավարությամբ, լայնածավալ զորավարժություններ են իրականացնում շփման գծի մոտակայքում, որոնք կտևեն մինչև շաբաթվա վերջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

5. Մայիսի 14-ին ադրբեջանական APA լրատվական գործակալությունը լուր էր տարածել՝ իբր Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ ադրբեջանցի դիպուկահարները վնասազերծել են Բոլոտնիկով ազգանունով ռուս զինվորականի, որն Արցախում զբաղվել է հայ դիպուկահարների և դիվերսիոն խմբեր մարզելով: Արցախի ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Ս. Հասրաթյանն այս տեղեկությունն անվանել է «ադրբեջանական պրոպագանդայի հերթական արգասիք»՝ շեշտելով, որ ԼՂՀ ԶՈՒ-ն օտարազգի վարձկանների կարիք չունի: ՀՀ ՊՆ խոսնակ Ա. Հովհաննիսյանը նույնպես հերքել է վերոնշյալ լուրը:

6. Մայիսի 18-ի ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը և Ղազախստանը, անտեսելով դեռևս 2006-ին ընդունված միջազգային էմբարգոն (արգելքը), զենք են գնել Հյուսիսային Կորեայից։ Զեկույցում նշվում է հյուսիսկորեական Hesong Trading Corporation ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որն Ադրբեջանին է վաճառել 70 ՀՕՊ հրթիռներ: 2012-ին բրիտանացի գործարար Մայքլ Ռենջերը դատապարտվեց ազատազրկման հենց այդ հրթիռների վաճառքի համար: Մայիսի 20-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է զեկույցին՝ նշելով, որ Ադրբեջանի գնումների լուրը չի համապատասխանում իրականությանը, և դեռ պետք է ճշտել՝ որտեղից ՄԱԿ-ին այդպիսի տվյալներ։ http://razm.info/7010

7. 2007-ից Ադրբեջանում գործող «Safe Life» ՓԲԸ-ն ավարտել է Մինգեչաուրի ջրամբարի և ՀԷԿ-ի անվտանգության ապահովման նախագծի իրականացումը, որի շնորհիվ պաշտպանված են կայանի սահմանագիծը, ամբարտակն ու 3 ինժեներական կայանքները։ Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է, որ մեկ կենտրոնից կառավարվող 4 գլխավոր անցակետերում գործում է ոչ միայն մեքենաների համարանիշների, այլև վարորդների դիմագծերի նույնականացման համակարգ։
Մինգեչաուրի ՀԷԿ
Պատնեշը բաղկացած է երկու արգելապատերից, որոնցից առաջինը պաշտպանված է փշալարերով, երկրորդի վրա տեղադրված են թրթռումներին արձագանքող հատուկ զգայության դեդեկտորներ, բացի այդ երկու արգելապատերի միջև կա շարժման ռադիոալիքային դետեկտոր։ Պատնեշի երկայնքով՝ հենակետերի վրա, ամրացված են ջերմագրական, 360 աստիճանով վերահսկման ու ստատիկ տեսախցիկներ, մետեոկայաններ, բարձրախոսեր և պրոյեկտորներ։ Գործակալությունը ՀԷԿ-ի անվտանգության երաշխիք է համարում ռադիոտեղորոշման կայանը, որը, ծովից 25 մ բարձրության պայմաններում կարող է հայտնաբերել 1200 տ կշռով մարմին՝ 23, 400 տ կշռողներին՝ 16, 4,5 տ կշռողներին՝ 3 ծովային մղոնից։

8. Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Նախիջևան քաղաքի ՏԻՄ կարգադրությամբ մի խումբ թոշակառու զինվորականների և վետերանների բռնի կերպով վտարում են իրենց բնակարաններից՝ փոխարենն առաջարկելով դատարկ տարածք կամ, որոշ դեպքերում, ընդհանրապես առանց փոխհատուցման։ Ժամանակին այստեղ եղել է զինավան, սակայն բնակելի տներն անցել են Նախիջևանի գործադիր իշխանության ենթակայության ներքո և սեփականաշնորհվել են։

Դատարանը մերժել է զինվորականի 9 ընտանիքի հայցը՝ որոշում կայացնելով հօգուտ ՏԻՄ-ի։ Վետերանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՆԻՀ-ի ղեկավարը հրաժարվել է ընդունել վետերաններին՝ հայտարարելով՝ եթե կամավոր չլքեն բնակարանները, ուժ կգործադրեն։ Հավելենք, որ զինավանը քաղաքի կենտրոնում է, մինչև ճնշումներն այստեղ բնակվում էր զինվորականի շուրջ 60 ընտանիք, որոնց մեծ մասն արդեն իսկ հեռացել է ավանից։

One response to “Ռազմաշաբաթի ամփոփում. Ադրբեջան. մայիսի 12-19

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *