«Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ». Էրդողանը կրկին սպառնացել է Իրաքի քրդերին

Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սպառնացել է Իրաքյան Քրդստանի դեմ ռազմական գործողություներով՝ նշելով, որ թուրքական ստորաբաժանումները Սիլոփիում՝ Իրաքի հետ սահմանին, «պատրաստ են»: Այս հարցը կքննարկեն նաև Իրանը և Թուրքիան՝ Էրդողանի Իրանի այցի ընթացքում: Փոխանցում է Թուրքիայի նախագահի կայքը:

Թուրքիայի նախագահը, նախնական տվյալներով հոկտեմբերի 2-ի երեկոյան, պետք է այցելի Իրան: Պատասխանելով այցի մանրամասների վերաբերյալ լրագրողի հարցին՝ Էրդողանը նշել է, որ այն լինելու է Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի շրջանակներում՝ ավելացնելով.

«Սակայն դրա մեջ լինելու է այս պահին ակտուալությամբ շատ հարուստ Հյուսիսային Իրաքի իրադրությունը: Հյուսիսային Իրաքի թեման էլ կքննարկենք: Այս բանակցությունների մեջ պետք լինի կներառվեն պարոն Ռուհանիի [Իրանի նախագահ՝ խմբ.], թե պետք լինի՝ նաև պարոն Խամենեիի [Իրանի հոգևոր առաջնորդ՝ խմբ.] հետ քննարկումները:

Այս քննարկումներից հետո կվերադառնանք գործընթացի շուրջ շատ ավելի արժևորված լուրջ ճանապարհային քարտեզով»:

Այնուհետև Թուրքիայի ղեկավարն ավելացրել է, որ, համաձայն այդ ճանապարհային քարտեզի, իրենք կորոշեն ինչ անել, այդ թվում նաև Իրաքյան Քրդստանից Թուրքիան գնացող նավթի «փականների փակելու հարցը» ևն՝ ավելացնելով.

«Եթե դրանք խոսվեն՝ դա ամեն բանից առաջ դեմ կլինի այսպիսի մի պայքարի գաղտնիությանը: Ես ի՞նչ եմ ասում: Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ: Այս պահին մեր բոլոր ուժերը Սիլոփիում են՝ սահմանին: Այնտեղ ամեն տեսակի մանևրներ չե՞ն արվում: Սա ի՞նչ է նշանակում: Մենք պատրաստ ենք»:

Հիշեցնենք, որ Էրդողանի այցից առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Իրան է այցելել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը: Թուրք գեներալն արդեն հանդիպել է իրանցի պաշտոնակցին, նախատեսում է այլ հանդիպումներ ևս, այդ թվում՝ Իրանի նախագահի հետ:

Հավելենք, որ թուրքական զինուժը սեպտեմբերի 18-ին Իրաքի հետ սահմանին՝ քրդերի վերահսկած գոտիների անմիջապես դիմաց զորավարժություն էր սկսել: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան քրդստանում անկախության հանրաքվեից հետո զորավարժությանը միացել էր նաև Իրաքի զինուժը: Արդեն սեպտեմբերի 27-ին կողմերը խաղարկել էին զրահատեխնիկայով «որոշված թիրախի ուղղությամբ հարձակման անցնելու գործողություններ»: Վարժանքները դեռ շարունակվում են:

Թուրք-իրաքյան զորավարժություն՝ քրդերի վերահսկած տարածքների դիմաց. սեպտեմբեր 2017 թ.

Թուրք-իրաքյան զորավարժություն՝ քրդերի վերահսկած տարածքների դիմաց. սեպտեմբեր 2017 թ.

Զուգահեռաբար Իրաքի հետ սահմանին զորավարժության են պատրաստվում են Իրանի և Իրաքի զինված ուժերը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հայտարարություններին՝ ապա վերջինս ավելի վաղ սպառանցել էր դադարեցնել նավթի արտահանումը իրաքյան քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից Թուրքիա, ինչպես նաև չէր բացառել հնարավոր ռազմական գործողությունները:

Ամենայն հավանականությամբ, ներկայում Իրաքյան քրդստանի դեմ հնարավոր գործողությունների հարցում բանակցություններ են ընթանում Իրաքի, Թուրքիայի և Իրանի միջև: Դա բխում է նաև Էրդողանի վերջին հայտարարությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *