Իրանը և Իրաքը համատեղ զորավարժություն կանցկացնեն երկու երկրների սահմանին

Մոտ օրերս Իրանի և Իրաքի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնելու իրան-իրաքյան սահմանին՝ Ղասրեշիրինից Փարվիզխան, Բաշմաղի և Թամարչինի տարածքներում՝ Իրաքյան Քրդստանի վերահսկողության տակ գտնվող շրջանների դիմաց: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակ, գլխավոր շտաբի պետի տեղակալ Մասուդ Ջազայերին. Սեպտեմբերի 30-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Սեպտեմբերի 30-ին Իրանի զինվորական հրամանատարությունը ԶՈւ գլխավոր շտաբում նիստ է անցկացրել, որի ընթացքում կրկին հայտարարվել է, որ Իրանը ճանաչում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և անօրինական է համարում Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն:

Ըստ Ջազայերիի՝ նիստի ընթացքում ընդունվել են նաև անհրաժեշտ  որոշումներ՝ սահմանին անվտանգություն ապահովելու, սահմանային անցակետերում Իրաքի կենտրոնական իշխանության ուժերի տեղակայման շուրջ:

Իրաքի ԶՈւ ԳՇ պետ Օսման Ղանիմին և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին

Իրաքի ԶՈւ ԳՇ պետ Օսման Ղանիմին և Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին

Հավելենք, որ սեպտեմբերի 18-ից Իրաքյան Քրդստանի հետ սահմանին զորավարժություն է անցկացնում նաև Թուրքիան: Սեպտեմբերի 26-ից զորավարժությանը ներգրավվել է նաև Իրաքի զինուժը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման Ղանիմին Իրանում հանդիպել էր Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիին:

Հանդիպմանը Իրանի ԶՈւ ԳՇ պետը հայտարարել էր, որ Իրանը ճանաչում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և ընդունում Իրաքի սահմաններն այնպես, ինչպես ամրագրված է այդ երկրի սահմանադրությունում։

Նշենք, որ Իրաքը, Իրանը և Թուրքիան կտրականապես դեմ են քրդերի անկախացմանը։ Քրդերի անկախության հանրաքվեի անցկացումից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Օսման Ղանիմին մեկնել էր Թուրքիա, հանդիպել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարի հետ։

Ավելի վաղ՝ օգոստոսին, քրդերի անկախության հանրաքվեն քննարկելու համար Թուրքիա էր մեկնել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։ Օրերս  նախատեսվում է նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի այցը Իրան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *