Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Սիմֆերպոլում ձերբակալել են ՌԴ ԶՈւ զինծառայող Դմիտրի Դոլգոպոլվին, ով մեղադրվում է Ուկրաինայի օգտին լրտեսելու մեջ։ Նրա հետ ձերբակալվել է նաև Ռուսաստանի քաղաքացի Աննա Սուխոնոսովան։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը։
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում։ Հարուցվել է քրեական գործ պետական դավաճանության հոդվածով։
Նշված անձինք հավաքել և Ուկրաինայի հատուկ ծառայություններին են տրամադրել Սևծովյան նավատորմի ստորաբաժանումների գործունեության մասին պետական գաղտնիք համարվող տեղեկություններ,-նշվում է Ռուսաստանի ԱԴԾ հաղորդագրությունում։
Նշենք, որ ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Դոլգոպոլովը նախքան Ղրիմի՝ Ռուսաստանին միացումը ծառայել է Ուկրաինայի զիված ուժերում, հետո անցել ծառայության ՌԴ ԶՈւ-ում։
Նրա, ինչպես նաև Ռուսաստանի ԶՈւ-ին միացած մյուս զինծառայողների նկատմամբ Ուկրաինայում պետական դավաճանության մեղադրանքով գործ է հարուցվել։