Ռազմաշաբաթ. Հայաստան, մայիսի 12-19

2 զոհ, 3 վիրավոր զինված ուժերում: ԳՇ պետը Բրյուսելում: Իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ: Բերձորի ազատագրում՝ 21 տարի: Ռազմահոգեբանական և իրավական իրազեկման ծրագրեր ավագ դպրոցներում: Մահացել է գեներալ-լեյտենանտ Ս. Միրզոյանը:

1. Մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն կրակել է՝ տեղում սպանելով պահակախմբի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանին: Նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը վիրավորվել է գլխի շրջանում և տեղափոխվել կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Ըստ «Բանակն իրականում» ֆեսբուքյան խմբի ակտիվիստ Ծովինար Նազարյանի` մայիսի 19-ին նա դուրս է եկել կոմայից:

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Դավիթ Խաչատրյանը ձերբակալվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Շաբաթ օրը զոհվածի հայրը` Իշխան Ստեփանյանը, որոշել էր որդու դին դագաղով բերել կառավարության առջև` ի նշան բողոքի: Հավաքվածներին ընդառաջ է գնացել Սեյրան Օհանյանը: Նա խոսել է ծնողների հետ ու մասնակցել զինվորի հուղարկավորությանը։

Միաժամանակ «Բանակն իրականում» նախաձեռնության և այլ քաղաքացիական խմբերի մի քանի տասնյակ ակտիվիստներ հավաքվել են բողոքելու կառավարության շենքի առջև։

Բացի այդ, կիրակի` մայիսի 18-ին, Սեյրան Օհանյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ազատել է զբաղեցրած պաշտոններից: Նշվում է նաև, որ պաշտոնանկությունները կապ ունեն մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած դեպքի հետ։

2. Մայիսի 17-ին ժամը 20:30-ի սահմաններում ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը վերակարգի ժամանակ հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել:Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

3. Մայիսի 15-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում ավտովթարից վիրավորվել են Իջևանի N զորամասի հրամանատարի սպառազինությունների գծով տեղակալ, մայոր է Կ. Սարգսյանը և նույն զորամասում դասակի հրամանատար, լեյտենանտ Գևորգ Հակոբյանը:

4. Մայիսի 18-ին լրացավ Լաչինի` Բերձորի (Քաշաթաղի շրջան), ազատագրման 21-ամյակը:1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրումից և մերձակա տարածքների կրակակետերի վերացումից հետո կենսական նշանակություն ուներ Շուշի-Լաչին-Զաբուխ` ճանապարհը:
Արցախն այդ ժամանակ արդեն տարուց ավելի մեկուսացված էր արտաքին աշխարհից։ Լաչինի ազատագրումը հնարավորություն տվեց ցամաքային կապ ստեղծել ՀՀ հետ և վերջ դրեց շրջափակմանը:

5. ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին, որին մասնակցել են Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններում ներգրավված երկրները:

6. 2013թ. գարնանային զորակոչի միջոցառումների շրջանակում ՊՆ-ն «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզերում իրականացնում է իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ:

Կոնկրետ հանդիպումների ամսաթվերի ու ժամերի մասին մանրամասն տեղեկություններն՝ այստեղ. Հայտարարություն

7. 2012թ հոկտեմբերի 1-ից «Օգնություն և իրավունք» ՀԿ-ն ՝ ՊՆ, ԿԳՆ աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում անց է կացնում ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր: Դասընթացներ են իրականացվել Երևան և ՀՀ մարզերի 38 ավագ դպրոցներում: Պարապունքներն իրականացնում են ՀԿ և ԵՊՀ համապատասխան ոլորտի փորձագետները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է այցելություն ՀՀ ՊՆ զորամասեր:

8. 67 տարեկանում մահացել է սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը:
Նա մասնակցել է Արցախյան պատերազմին, նշանակալի ներդրում է ունեցել ՀՀ սահմանների ինքնապաշտպանության և նորաստեղծ բանակի կազմավորման և կայացման գործում: 1994թ. նշանակվել է ՀՀ ՊՆ կադրերի վարչության պետ, իսկ 1997թ.՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար: 2000-2007թթ. զբաղեցրել է Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *