Ըստ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի՝ կտրուկ՝ շուրջ 48.2 %-ով աճել են պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքների համար նախատեսված ծախսերը: Այն կազմում է 2 մլրդ 433 մլն 461 հազար դրամ: Այս մասին հայտնի է դառնում 2018 թվականի պետբյուջեի նախագծից, որով ողջ պաշտպանական բյուջեն կազմում է 246 մլրդ 868 մլն դրամ:
[Լրացում] Նոյեմբերի 12-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է 2018 թվականի պետբյուջեի մասին օրինագիծը, որով 2018-ին պաշտպանության ոլորտի ծախսերին կհատկացվի 247 մլրդ 895 մլն դրամ: Հետազոտական և նախագծային աշխատանքներին կուղղվի 2 մլրդ 433 մլն 461 հազար դրամ: ]
Նշենք, որ նախորդ տարիներին՝ 2016-ին և 2017-ին այս նպատակով ի սկզբանե նախատեսվել էր հատկացնել շուրջ 1 մլրդ 641 մլն դրամ: Իսկ 2016-ին ծախսերը կատարվել են անգամ ավելի քիչ՝ 1 մլրդ 623 մլն դրամի չափով:
Նշենք, որ ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեն մշակել և օրերս քննարկման է ներկայացրել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը:
Ոլորտի զարգացման ծրագրի մշակման մասին դեռևս 2017-ի հունիսին Ռազմինֆոյին հայտնել էր ՌԱՊԿ նախագահի օգնական Ավետիք Քերոբյանը: Այն պարունակում է կոնկրետ ֆինանսական, տնտեսական և կրթական ծրագրեր:
Պաշտոնյայի խոսքով՝ ծրագրի մշակումը բխում է ՀՀ նախագահի կողմից հաստատված ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից: Այս ռազմավարությունը նախագահը ստորագրել է 2017 թ. հունվարին:
«Դա իր մեջ ունի կոնկրետ ծրագրեր: Այդ ռազմավարությունն իր մեջ ներառում է և՛ ռազմատեխնիկական ուղղությունները, որոնք պետք է զարգացվեն, և՛ ռազմակրթական ուղղությունները, և՛ ռազմական գիտության զարգացման ուղղությունները», — նշել էր Քերոբյանը:
Սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում «Ի-վի Քոնսալթինգ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Հերգնյանը զեկույց էր ներկայացրել, որում նշված էր, որ հատուկ նշանակության հետազոտությունների և մշակումների ֆինանսավորման ծավալը Հայաստանում էական աճի կարիք ունի։
Նախագծով նախատեսված պաշտպանական բյուջեին կարող եք ծանոթանալ այստեղ: