ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 28-ին հավանություն է տվել ՀՀ 2018 թ. բյուջեի նախագծին, որով նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 246 մլրդ 868 մլն դրամ: Պաշտպանական բյուջեից ռազմական պաշտպանությանը կուղղվի 238 մլրդ 227 մլն դրամ:
Այս մասին նշված է բյուջեի նախագծում:
2018 թվականի բյուջեի նախագծով պաշտպանական բյուջեն ամերիկյան դոլարով կազմում է 514 մլն (սեպտեմբերի 28-ի փոխարժեքով):
Ընթացիկ տարվա բյուջեի համեմատ, որը կազմում է 209,8 մլրդ դրամ, 2018 թվականի ռազմական բյուջեն ավելի է 37 մլրդ դրամով (17.6%):
Ոլորտը | 2018 (հզր դրամ) | 2017 (հզր դրամ) |
Պաշտպանություն (ընդհանուր) | 246,868,235.7 | 209.813.481,1 |
Ռազմական պաշտպանություն | 238,227,126.3 | 202.106.217,2 |
Արտաքին ռազմական օգնություն | 118,657.2 | 162.818,4 |
Հետազոտական և նախագծային աշխատանքներ | 2,433,461.4 | 1.641.470,1 |
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) | 6,088,990.8 | 5.902.975,4 |
Նախագիծը պետք է հաստատվի նաև Ազգային ժողովում և ստորագրվի նախագահի կողմից:
2017 թվականի ՀՀ պաշտպանական բյուջեից, ըստ e-gov.am կայքի, ընթացիկ ամիսներին ծախսվել է շուրջ 135 մլրդ դրամը: Սա 2017թ. ամբողջ պաշտպանական բյուջեի շուրջ 65 տոկոսն է:
Նախագծով նաև սահմանված է.
- ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել անհրաժեշտության դեպքում լրամշակել նախագիծը և այդ տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել լրամշակված տարբերակը ներկայացնել Ազգային ժողով
Նշենք, որ 2017-ի հուլիսին ՀՀ ֆիննախարարը հայտներ էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում:
ՀՀ ֆինանսների նախարարը նաև նշել էր, որ 2017 թվականի բյուջեով ՊՆ ծախսերը, ներառյալ նաև կապիտալ ծախսերը, շուրջ 226 միլիարդ դրամ են։