Սեպտեմբերի 27-ին թուրքական TAI ավիաշինական ընկերությունը ներկայացրել է տեղական արտադրության «Հյուրքուշ» (Hürkuş) ուսումնամարտական ինքնաթիռի կործանիչ տարբերակի՝ HÜRJET-ի նախագծված տեսքը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա օգոստոսի սկզբին TAI ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտարարել է, որ ընկերությունը սկսել է «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռի կործանիչ տարբերակի արտադրության համար նախնական աշխատանքները, սակայն դեռևս բանակից և պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունից նման ինքնաթիռների պատվեր չկա:
Ընկերությունը նախատեսում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին մատակարարել «Հյուրքուշ» ինքնաթիռները 2018 թվականից:
Միևնույն ժամանակ, թուրքական կողմը բազմիցս հայտարարել է, որ փորձում է ստեղծել սեփական արտադրության TF-X (Turkish Fighter X) կործանիչ: Այդ մասին թուրքական կողմը առաջին անգամ հայտարարել է դեռևս դեռևս 2011-ին: Նախատեսվում է կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023-ին, իսկ Թուրքիայի ԶՈւ շահագործմանը հանձնել՝ 2030-ից հետո։
TF-X (Turkish Fighter X) կործանիչ արտադրությամբ նույնպես զբաղվում է TAI ընկերությունը, որը կործանիչի նախագծման համար համագործակցելու է բրիտանական BAE Systems խոշոր ավիաշինական ընկերության հետ:
Թուրքական կողմը նաև պատվիրել է ամերիկյան F-35A կործանիչ-ռմբակոծիչներ, որոնց մատկարարումը Թուրքիային դեռևս չի սկսվել: Նշենք, որ Թուրքիայի ՌՕՈւ հիմնական հարվածիչ ուժը կազմում են ամերիկյան արտադրության F-16 կործանիչները: