Սեպտեմբերի 27-ին Վիգեն Սարգսյանն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
ՀՀ պաշտպանության նախարարի և Լեհաստանի ԱԳՆ տեղակալի հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցությանն, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը, խոսելով երկկողմ փոխգործակցության ներկայիս մակարդակի մասին, նշել է, որ համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար խոչընդոտներ չկան:
Նշվում է, որ Բարտոշ Չիխոցկին իր հերթին կարևորել է հայ-լեհական համագործակցությունը պաշտպանական բնագավառում և հայտնել լեհական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ակտիվացնելու հարցում:
Նույն օրը Չիխոցկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեհաստանը Հայաստանին ռազմական նոր տեխնոլոգիաներ է առաջարկել, որոնց հիման վրա լեհական կողմը պատրաստ է արտադրություն ստեղծել Հայաստանում:
«Մենք պատրաստ ենք ներկայացնել մեր արտադրանքները, տեխնոլոգիաները: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Լեհաստանը պարտավորվել է ծախսել իր ՀՆԱ-ի 2 տոկոսը պաշտպանության համար և Լեհաստանում պաշտպանական ոլորտը վերելք է ապրում: Մենք կարծում ենք, որ ռազմարդյունաբերության զարգացումը չպետք է հիմնված լինել արևմտյան կամ այլ տեխնոլոգիաների ներմուծման վրա և ցանկանում ենք այն զարգացնել մեզ մոտ: Պատրաստ ենք Հայաստանին առաջարկել տեխնոլոգիաներ, աշխատատեղեր և Հայաստանի հետ կիսել ռազմարդյունաբերության այն մոդելը, որը Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր սյունը կհանդիսանա»,– նշել է Լեհաստանի ԱԳ փոխնախարարը:
Հիշեցնենք, որ 2014-ի հոկտեմբերին Չարենցավանում պաշտոնապես բացվել է «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը: Այն զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև կեղծ թիրախների, վրանների, սաղավարտների, զրահաբաճկոնների, քողարկող ցանցերի ու ռազմական նշանակության այլ գույքի արտադրությամբ: