Հայաստանցի փրկարարները ներգրավված են ՆԱՏՕ-ի միջազգային վարժանքի բոլոր տեղամասերում

Սեպտեմբերի 27-ին Բոսնիա և Հերցեգովինայի Թուզլա քաղաքում մեկնարկել է ՆԱՏՕ-ի 18-րդ միջազգային դաշտային վարժանքի գործնական փուլը, որին մասնակցում է 30 երկիր, այդ թվում նաև Հայաստանը և Ադրբեջանը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը, հայաստանցի փրկարարները ներգրավված են վարժանքի բոլոր տեղամասերում՝ փլատակներում և ածխահանքում իրականացնելով որոնողափրկարարական, լճի տարածքում՝ ջրափրկարարական աշխատանքներ և քիմիական մոնիթորինգ՝ գործարանում:

Քաղաքի մատույցներում գտնվող ածխահանքում (որի հորանի խորությունը 20 մետր է) և արհեստական Մոդրաչ լճի տարածքում ստեղծվել են անհրաժեշտ պայմանները:

Ըստ վարժանքի սցենարի՝ Բոսնիա-Հերցեգովինայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով գետերը վարարել են, կա ջրամբարների փլուզման վտանգ և մերձակա բնակավայրերին սպառնում է ջրհեղեղը: Լեռան լանջերին սողանքների պատճառով մոտակա շինությունները փլուզվել են, կան պայմանական զոհեր ու տուժածներ:

Սցենարի համաձայն՝ աղետի հաջորդ օրը գրանցվել է նաև ուժեղ երկրաշարժ՝ հանգեցնելով մարդկային և նյութական մեծ կորուստների: Հաստատվել է խմելու ջրի աղտոտման փաստը, իսկ արդյունաբերական ձեռնարկություններից մեկում տեղի է ունեցել թունավոր նյութերի արտանետում: Երկրի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են միջազգային հանրությանը:

«Բոսնիա և Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից: Այն անցկացվում է սեպտեմբերի 24-30-ը:

ՀՀ ԱԻՆ պատվիրակության կազմում կա 22 փրկարար, որոնք ներկայացնում են ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման ու փրկարարական ուժերի վարչությունները, Աղետների բժշկության կենտրոնը, հատուկ ջրափրակարար ջոկատը և Շիրակի մարզային փրկարարական վարչությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *