Հակաօդային պաշտպանությունը ուժեղացնելու համար Իրանը լրացուցիչ հրթիռային համակարգեր է տեղակայել երկրի արևմտյան սահմաններին։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ ուժերի հրամանատարի օպերատիվ գծով տեղակալ Ալի Ռեզա Էլհամին։ Սեպտեմբերի 26-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Ըստ Էլհամիիի՝ երկրի արևմտյան սահմաններին նոր հրթիռային համակարգերի տեղակայումը Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիային կտրուկ պատասխանելու նպատակով է արվում։
Նշենք, որ Իրանի հյուսիսարևմտյան շրջանները սահմանակից են Իրաքյան Քրդստանին, որտեղ սեպտեմբերի 25-ին անցկացվեց անկախության հանրաքվե, և որի անցկացմանը դեմ էին Իրանը, Իրաքը, Թուրքիան և այլ երկրներ։
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի նախօրեին՝ սեպտեմբերի 24-ին, Իրանը Իրաքի կենտրոնական իշխանությունների խնդրանքով փակել էր իր օդային սահմանը Իրաքյան Քրդստանի համար:
Նույն օրը Իրանի բանակն ու Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ էին մեկնարկել Իրաքյան Քրդստանին սահմանակից Արևմտյան Ատրպատական, Քուրդիստան և Քերմանշահ նահանգներում: