«Դիտակետ» ծրագիրը ծառայություն անցած տղաների կարծիքն ամբողջականացնելու հարցում է. Վիգեն Սարգսյան

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի ն։ Ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է մանրամասները, նախնական դիտարկումները, վստահեցրել, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձանց

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձանց

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Դիտակետ» ծրագիրը զորացրված զինծառայողների և պաշտպանության նախարարության միջև հետադարձ կապի կարևորագույն օղակ է, որն օգնելու է վեր հանել զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները՝ հնարավորություն տալով նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները։

«Այս ծրագիրը որևէ կապ չունի մոբիլիզացիոն գործունեության կամ լրացուցիչ ծառայության հեռանկարների հետ։ Սա ընդամենը հարցում է, որը միտված է ծառայություն անցած տղաների կարծիքն ամբողջականացնելուն, լիարժեք կարծիք ձևավորելուն, առկա կարծրատիպերի դեմ պայքարելուն, եղած խնդիրները շտկելուն։

Այսինքն՝ որևէ այլ նպատակ այս ծրագիրը չի հետապնդում։ Եվս մեկ անգամ պետք է ասեմ, որ իսպառ բացառված է հնարավորությունը որևէ մեկի պատասխաններն անձի հետ կապելու։

Հետևաբար, ուղղակի առիթն օգտագործելով, պետք է խնդրեմ մեր զորացրված զինծառայողներին լինել հնարավորինս փոխգործակցող այս ծրագրի հետ և տալ լիարժեք տեղեկատվություն՝ առկա խնդիրները բացահայտելու, լուծումներ փնտրելու համար»,–նշել է Վիգեն Սարգսյանը։

Ավելացնենք, որ «Դիտակետ» ծրագրի շրջանակում արդեն ՀՀ ԶՈւ այս զորացրման ժամանակ զորացրվող յուրաքանչյուր զինծառայողի տուն կայցելի սոցիոլոգ՝ շատ մանրամասն հարցաթերթով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *