Վրաստանի ԶՈւ դիտորդները հետևում են թուրք-ադրբեջանական ՌՕՈւ զորավարժությանը

Ադրբեջանում շարունակվում է «TurAz Qartalı» («ԹուրԱզ Արծիվ») ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունը: Վարժանքների հերթական փուլին հետևելու համար Ադրբեջան են մեկնել Վրաստանի ԶՈւ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ՌՕՈւ ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչները TurAz Qartalı – 2015 զորավարժության ժամանակ

Թուրքիայի ՌՕՈւ ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչները TurAz Qartalı – 2015 զորավարժության ժամանակ

Համաձայն ադրբեջանական աղբյուրի՝ վրացի զինվորականների այցի նպատակը Թուրքիա-Ադրբեջան ՌՕՈւ զորավարժությանը հետագա տարիներին Վրաստանի մասնակցության քննարկումն է: 

Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը: 2014 թվականից անցկացվող վարժանքներին այս տարի ներգրավվել են՝

  • Ադրբեջանից՝ ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ,
  • Թուրքիայից՝ F-16 կործանիչներ, C-130 Hercules և Casa CN-235 բեռնատար ինքնաթիռներ, Sikorski S-70 ուղղաթիռներ:

Ինչ վերաբերում է Վրաստանի զինուժի հնարավոր մասնակցությանը՝ վրացական բանակը ներկայում վերակազմավորման փուլում է: Փոփոխությունների շրջանակներում դիտարկվում է այդ երկրի ԶՈւ սպառազինությունում առկա Սու-25 գրոհիչների վաճառքի կամ շահագործման դադարեցման հարցը: Բացի այդ, տվյալներ կան, որ որոշ օդաչուներ արդեն լքել են Վրաստանի զինուժը, որոշներն էլ հայտնվել են կրճատումների ցուցակում:

Եթե գործընթացը ավարտին հասցվի՝ Վրաստանի ավիացիայի պարկում կմնան միայն ուղղաթիռային ստորաբաժանումները, այդ թվում՝ 6 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռներ, որոշակի քանակությամբ Մի-8 ուղղաթիռներ, որոնց թռիչքային ռեսուրսը և տեխնիկական վիճակը պարզ չէ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *