Թուրքիայի զինուժը հատուկջոկատայինների նոր խումբ է ուղարկել Սիրիայի հետ սահման

Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի զինված ուժերը հատուկջոկատայինների և զինտեխնիկայի հերթական խումբն է ուղարկել երկրի հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառ:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2):

Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայինների տեղափոխող զինվորական մեքենաները հասել են Հաթայ նահանգ

Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայինների տեղափոխող զինվորական մեքենաները հասել են Հաթայ նահանգ

Զինծառայողները և զրահամեքենաները համալրելու են թուրք-սիրիական սահմանին տեղակայված ԶՈւ ստորաբաժանումները:

Հատուկջոկատայինների ևս մեկ խումբ է ուղարկվել Հաթայ նահանգ սեպտեմբերի 20-ին: Թուրքիայի զինուժը իր սահմանային ստորաբաժանումները համալրել է նաև տանկերի, թրթուրավոր զրահամեքենաների, հաուբիցների նոր խմբաքանակով: Համալրումները իրականացվում է թուրք-սիրիական սահմանի գրեթե ողջ երկայնքով՝ Հաթայից մինչև Գազիանթեփ:

Նշենք, որ Հաթայ նահանգը միաժամանակ սահմանակցում է և՛ Սիրիայի Աֆրին շրջանին, որը վերահսկում են քրդական ուժերը, և՛ Իդլիբ նահանգին, որտեղ էլ գործում են զինված տարբեր խմբավորումներ:

Սրան զուգահեռ թուրքական մամուլում պարբերաբար տեղեկություններ են տարածվում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի գործողությունների մասին: Ընդ որում թուրքական մամուլը հայտնում էր, ինչպես քրդերի վերահսկության ներքո գտնվող Աֆրին շրջանում, այնպես էլ Իդլիբ նահանգում Թուրքիայի զինուժի նոր գործողությունների մասին:

Մեզ հետ զրույցում թուրքագետ Հայկ Գաբրելյանը նշեց, որ դատելով տեխնիկայի առավել մեծ կուտակումների վայրերից՝ դրանք Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող գոտիների դիմաց են: Ըստ թուրքագետի՝ եթե Թուրքիայի զինուժը գործողություններ սկսի Իդլիբում, ապա հիմնական նպատակն է լինելու կանխել Սիրիայի քրդերի հնարավոր ելքը դեպի Միջերկարական ծով: 

Սիրիայի հյուսիսում գործում են 2 փաստացիորեն ինքնավար քրդական շրջան (կանտոն), որոնք վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորումները: Այդ երկու ինքնավար շրջանների միջև ընկած տարածքը ներկայում վերահսկում են Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող զինված խմբավորումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *