Իրաքի խորհրդարանը վարչապետից պահանջել է ուժեր ուղարկել քրդերի հետ վիճելի տարածքներ. AFP

Իրաքյան Քրդստանում անցկացվող անկախության հանրաքվեի հետ կապված Իրաքի խորհրդարանը երկրի վարչապետից պահանջել է զորքեր ուղարկել քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Այս մասին հայտնում է«Ֆրանս պրեսս» գործակալությունը:

Բանաձևի մեջ նշվում է, որ խորհրդարանը երկրի ԶՈւ գլխավոր հրամանատարից (վարչապետ Հայդար ալ-Աբդաիից) պահանջում է ուժեր ուղարկել 2003 թվականից Քրդստանի ինքնավար շրջանի մեջ մտած բոլոր տարածքներ:

Ռազմական բախման ռիսկերի մասին հարցին Իրաքի վարչապետի խոսնակի պատասխանել է, որ եթե այդ տարածքներում բախումներ լինեն, արդեն դաշնային ուժերի գործը կլինի օրենքը կիրառել:

Իրաքի բանակի կողմից կռվող, հիմնականում շիաներից, եզդիներից և քրիստոնյաներից կազմված «Հաշդ աշ-շաաբի» կազմավորման հրամանատարներից մեկը հայտարարել է, որ իրենց հաջորդ առաջադրանքը լինելու է Քիրքուքը և վիճելի տարածքները, որոնք «ապօրինի զինված խմբավորումները» զավթել են և չեն ենթարկվում բանակի հրամանին:

Ավելացնենք նաև, որ քրդական Rudaw լրատվական գործակալությունն էլ իր հերթին հայտնում է, որ Իրաքի վարչապետը երկրի խորհրդարանի պահանջով հրամայել է ուժեր ուղարկել վիճելի տարածքներ:

Քիրքուկի ղեկավար Նաջմալդին Քարիմը սթափության և խաղաղության կոչ է արել, ինչպես նաև քննադատել է Իրաքի խորհրդարանի այս պահանջը և վարչապետի որոշումը:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեկնարկել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, որին դեմ են արտահայտվել նրա բոլոր հարևանները, ինչպես նաև սպառնացել են պատերազմով (1, 23, 4):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *