Սեպտեմբերի 25-ին նշանակված է Իրաքի քրդական ինքնավար շրջանի անկախության հանրաքվեն։ Թուրքիան, Իրանը և Իրաքը սպառնում են ռազմական գործողություններով։ Պատերազմի հավանականությունը քննարկել են Իրաքի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը։
Սեպտեմբերի 18-ին Թուրքիան զորավարժություն էր սկսել Իրաքի հետ սահմանին՝ անմիջապես քրդական ինքնավարության տարածքների դիմաց։ Շաբաթ՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիան ավելացրել է զորավարժությանը ներգրավված զորքերի, սպառազինության թվաքանակը։ Նույն օրը՝ շաբաթ երեկոյան, Թուրքիայի խորհրդարանն իր հերթին իրավական հիմքեր է տրամադրել Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Թուրքիայի զինուժը հերթական անգամ իրավունք է ստացել ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի և Սիրիայի տարածքում։
Թուրքիայի քաղաքական իշխանությունները բացահայտ ուղերձներով սպառնում են պատերազմ սկսել Իրաքի քրդական ինքնավարության դեմ, եթե անկախության հանրաքվեն կայանա։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է ինքնավարության ղեկավար Բարզանիի հետ խոսել «նրան հասկանալի լեզվով»։
Իրադարձությունների նման զարգացմանը զուգահեռ սեպտեմբերի 23-ին Թուրքիա էր այցելել Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի հետ հանդիպման հիմնական թեման քրդերի անկախության հանրաքվեն էր։ Կողմերը համատեղ հայտարարությունում ընդգծում են, որ «պետք է պաշտպանել Իրաքի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական միասնությունը»։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ չի բացառվում, որ անկախության հանրաքվեի կայանալու և հաջող ելքի դեպքում Իրաքը կարող է Թուրքիայի հետ համատեղ գործողություններ սկսել Բարզանիի ուժերի դեմ։ Քրդական զգալի փոքրամասնություն ունեցող մյուս երկիրը՝ Իրանը ևս քրդերի անկախացումը սպառնալիք է դիտարկում։ Իրանի զինուժը զորավարժություն է սկսել քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանների դիմաց։
Իրաքի քրդերի անկախացումը չեն պաշտպանում նաև Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը։ Տարածաշրջանի խաղացողներից քրդերի մտադրությունը ողջունում է միայն Իսրայելը։