Սիրիայի Դեր Զոր քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները ականանետներով կրակել են Իրանից հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատար մեքենաների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ Այս մասին սեպտեմբերի 20-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Բեռնատարների շարասյան վրա հարձակվել են Դեր Զորի քաղաքապետարանի մոտ։ Իրանից բեռնատարները տեղափոխում էին սնունդ և մոտ 20 տոննա դեղորայք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ զինյալները Դեր Զորում հարձակվել էին իրանական Press TV և Al-Alam հեռուստաալիքիների լրագրողների վրա։
Հարձակումը եղել էր Դեր Զոր քաղաքից 30կմ հարավ-արևմուտք գտնվող Քաբաջև քաղաքում, այն ժամանակ, երբ լրագրողները Դեր Զորում ընթացող մարտական գործողությունները լուսաբանելիս էին եղել։ Հարձակումից լրագրող չէր տուժել, սակայն վիրավորվել էր Սիրիայի ԶՈւ 3 զինծառայող։
Հավելենք, որ Սիրիայի կառավարական ուժերը սեպտեմբերի սկզբից մտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին խոշոր հենակետ Դեր Զոր նահանգ։
Սեպտեմբերի 18-ին Սիրիայի բանակը անցել է Դեր Զորով հոսող Եփրատ գետից արևելք, միևնույն ժամանակ սկսելով քաղաքի հյուսիսային շրջանների ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Հյուսիսից քաղաքին են մոտեցել նաև ԱՄՆ աջակցությամբ գործող քրդական ուժերը։