Նոր թողարկված երեք նամականիշի հասույթը կփոխանցվի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում շրջանառության մեջ է դրվել փոստային երեք նամականիշ, որոնցից գոյացած հասույթը փոխանցվելու է ՀՀ ՊՆ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։ Այս մասին հայտնում է «Արմենպրես» գործակալությունը։

350 դրամ անվանական արժեքով մեկ փոստային նամականիշի հետ մեկտեղ թողարկվել է 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, իսկ 350 և 1100 դրամ անվանական արժեքով երկու փոստային նամականիշների հետ՝ 10 հազար դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն։

350 դրամ անվանական արժեքով մեկ նամականիշի պատկերված է հայ զինվորը բնության ֆոնին, իսկ 350 և 1100 անվանական արժեքով երկու նամականիշների վրա՝ հեռադիտակի շրջանակի մեջ երևացող նամակ գրող և դիտակետում կանգնած հայ զինվորները:

Նշենք, որ ներկայում զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում են ստացել 19 զոհված զինծառայողի ընտանիք և 3 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող: Հատուցում ստացող զինծառայողների և նրանց ընտանիքների թարմացվող տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *