Իրանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերը Իրաքի քրդերի անկախության հանրաքվեն սպառանալիք են դիտարկել

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հեռախոսազրույցով քննարկել են Իրաքի քրդերի անկախության հանրաքվեի անցկացման հարցը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը  Իրաքի քրդերի անկախության հանրաքվեի հնարավոր անցկացումը վտանագավոր են համարել տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար։

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը

Երկու երկրների ԳՇ պետերը կարևորել են քրդական անկախության հանրաքվեի դեմ Իրաքի հարևան երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են նաև 2 երկրների զինված ուժերի համագործակցության ոլորտներին։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Հուլուսի Աքարի հրավերով Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին մեկնել էր Թուրքիա։ Թուրքիայում Բաղերին հանդիպումներ էր ունեցել այդ երկրի նախագահի և բանակի հրամկազմի հետ։

Հանդիպումների ավարտին Բաղերին հայտարարել էր, որ Իրանն ու Թուրքիան դեմ են Իրաքի քրդերի անկախության հանրաքվեի անցկացմանը, քանի որ այն կարող է Իրաքի ներսում լարվածության և հակամարտության հիմք հանդիսանալ, որի հետևանքները տարածվելու են նաև հարևան երկրներում։

Բաղերիի խոսքերով՝ Թուրքիայի և Իրանի համար հանրաքվեի անցկացումը անընդունելի է և չպետք է տեղի ունենա։

Ավելացնենք, որ ԶՈւ ԳՇ պետերի այս հանդիպումից հետո թուրքական կողմը տեղեկություններ էր տարածել, որ Իրանն ու Թուրքիան հոկտեմբերին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ համատեղ գործողություններ են սկսելու Իրաքում։ Սակայն Իրանը հերքել էր այս տեղեկությունները։

Իրաքի քրդերի անկախության հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2017-ի սեպտեմբերի 25-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *