«Իսկանդեր» համալիրը նվազագույնը 7 տեսակի հրթիռ ունի. գլխավոր կոնստրուկտոր

Ներկայում աշխատանքներ են տարվում «Իսկանդեր-Մ» համալիրների համար նոր հրթիռի ստեղծման ուղղությամբ: Համալիրը այս պահին ունի ամենաքիչը յոթ տեսակի հրթիռ: Այս մասին հայտնել է «Իսկանդեր» համալիրները արտադրող КБМ գիտաարտադրական կորպորացիայի գլխավոր կոնստրուկտոր Վալերի Կաշինը:  Կոնստրուկտորի հայտարարությունը փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Կաշինի խոսքով՝ հրթիռներն արտաքնապես չեն տարբերվում, սակայն «ներսից» արմատապես տարբեր են: Ըստ նրա՝ հրթիռների ստեղծումը չի խախտում «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագիրը:

Նշենք, որ ավելի վաղ՝ օգոստոսին, ՌԴ ՊՆ տեղակալը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատվիրել է հավելյալ 2 բրիգադ «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր:

Երկու բրիգադի համար ՌԴ պաշտպանության նախարարությունը վճարելու է 20 մլրդ ռուբլի, որը ներկա փոխարժեքով համապատասխանում է 338 մլն ամերիկյան դոլարին. բրիգադը՝ մոտ 170 մլն դոլար:

Ռուսաստանից բացի, Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի սպառազինության մեջ կա «Իսկանդեր» համալիր (2016թ զորահանդեսի ժամանակ Երևանում ներկայացվել է այս համալիրի «Է» տեսակի 2 արձակման կայան և 2 տեղափոխման-լիցքավորման մեքենա), թեև ֆրանսիական ռազմական մասնագիտացված DSI ամսագրի պնդմամբ՝ Ալժիրը նույնպես ձեռք է բերել «Իսկանդեր» համալիրներ: Այնուամենայնիվ, տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

Ընկերության աշխատակիցը նաև խոսել է համալիրի արդիականացման պլանների մասին՝ նշելով, որ ձեռնարկությունը արդեն առաջարկություններ է պատրաստել, որոնք այժմ ուսումնասիրվում են ՌԴ ՊՆ-ի կողմից: Դրանք այժմ անցնում են ձևակերպման և հաստատման փուլը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *