Սիրիա-լիբանանյան սահմանը լքած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սեպտեմբերի 13-ին հասել են Սիրիայի Դեր Զոր նահանգ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Օգոստոսի վերջին Սիրիայի և Լիբանանի բանակների և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ համաձայնության շրջանակներում ԻՊ 308 զինյալ և նրանց ընտանիքները դուրս էին եկել սիրիա-լիբանանյան սահմանից:
Նրանց տեղափոխումը կանխելու համար ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները արգելափակել էին ԻՊ զինյալներից և նրանց ընտանիքի անդամներից կազմված շարասյունը և կանխարգելման նպատակով հարվածներ հասցրել նրանց ընդառաջ եկող զինակիցներին:
Սիրիայի Դեր Զոր նահանգի մեծ մասը շարունակում է մնալ ԻՊ զինյալների վերահսկողության ներքո: Այս հատվածներում Սիրիայի կառավարական բանակը վերահսկում է միայն Դեր Զոր քաղաքը, որտեղ սիրիական բանակի զորախումբը շրջափակված էր մինչև այս տարվա սեպտեմբեր:
Մինչև համաձայնության կնքումը՝ «Հեզբոլլահ» շարժումը և Սիրիայի կառավարական բանակը մոտ 1 շաբաթ գործողություններ էին իրականացնում ԻՊ զինյալների դեմ Սիրիայի Քալամուն շրջանում՝ սիրիա-լիբանանյան սահմանին: Դրան զուգահեռ լիբանանյան տարածքում ԻՊ դեմ գործողությունն էր իրականացնում նաև Լիբանանի բանակը:
Բացի «Իսլամական պետությունից» լեռնային շրջաններում նաև գործում էին «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալներ, որոնց դեմ նույնպես Լիբանանի բանակը, «Հեզբոլլահի» մարտիկները գործողություններ են իրականացրել:
Սիրիա-Լիբանան սահմանի լեռնային հատվածները ահաբեկչական խմբավորումները օգտագործում էին Սիրիա զենքի ու զինամթերքի և զինյալների տեղափոխման համար: