Սեյրան Օհանյան. Չէինք պլանավորել Շուշին ազատագրել մայիսի իննին

Մայիսյան հաղթանակների առիթով Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցներին: Ներկայացնում ենք Շուշիի ազատագրման օպերացիայի մասին պատմությունը նախարարի մեկնաբանմամբ:

Ս. Օհանյան

Շուշիի բերդաքաղաքն ազատագրելն ու քաղաքի շուրջը տեղակայված ադրբեջանական կրակակետերը ոչնչացնելն այդքան էլ դյուրին գործ չէր: Ազատագրման նախապատրաստման գործընթացը սկսվեց դեռևս 1992թ մարտ ամսից: Մենք այդ ողջ գործընթացը իրականացրինք ժամանակակից ռազմական գիտության պահանջներին համաձայն: Նախապատրաստվել օպերացիային նշանակում է ճիշտ հետախուզել հակառակորդին, նրա կազմը, տեղակայման վայրերը, ուժերի և միջոցների համապատասխան հաշվարկներ իրականացնել, տեղանքում աշխատել և որոշել այն ուղիները, որով մենք պետք է բարձրանայինք և ազատագրեինք: Շուշիի օպերացիայի նախապատրաստման պատրաստականությունը սկզբնական շրջանում մայիսի 2-ն էր դրված, բայց հետո ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց և վերջնական ժամանակահատվածը մայիսի 7-ը դարձավ: Այնպես որ հատուկ չէինք պլանավորել մայիսի 9-ին ազատագրել: Պատրաստակամությունը մայիսի 7-ի լույս 8-ի գիշերն էր, ժամը 4-ը:

Իհա՛րկե, օպերացիայի իրականացման համար ընտրվել էր 4 ուղղություն` առաջինը գլխավոր հարվածի հյուսիսային ուղղությունն էր, որի ղեկավարը Վալերի Չիթչյանն էր, երկրորդը` մենք «այլ հարված» անունն ենք դրել Շոշի ուղղությունն էր, որի ղեկավարը Ագո Կարապետյանն էր, մյուս հարվածը լայն, շրջանցող էր` հարավային ուղղությունը, որի ղեկավարն էր Սամվել Բաբայանը, ում էլ հանձնարարություն էր տրվել դուրս գալով Զառսլու-Լիսագոր բնագիծը, վնասազերծել այնտեղ տեղակայված բոլոր կրակակետերը և միևնույն ժամանակ խաղաղասիրական միջանցք ապահովել խաղաղ բնակչության դուրս գալու համար: Մյուս կարևոր ուղղություններից մեկը շեղող հարվածն էր` հյուսիս-արևմտյան ուղղությունը, որի ղեկավարը ես էի: Շուշիից հյուսիս-արևմտյան ուղղությամբ տեղակայված բավականին բարձր բարձունքներն էին խիտ անտառապատ տեղանքում, որտեղ տեղակայված էին բավականին լուրջ ուժեր և այդ շեղող հարվածով ուժերի մի մասը պետք է տեղափոխեինք այլ ուղղությամբ, որպեսզի հնարավորություն լիներ Շուշիի բերդաքաղաքը ազատագրել: Դա Ջանհասանի, Քյոսալարի ուղղությունն էր:

Ճիշտ ժամանակին կարողացանք կրակային խոցում իրականացնել և կրակային խոցման ներքո ուժերը դուրս եկան, և հրամանատարները ստորաբաժանումների, ջոկատների հետ կարողացան շարժվել: Այդ սարերն ու ժայռերն ի վեր բարձրանալ և հենց իրենց կրակակետերում ոչնչացնել նրանց և ազատագրել քաղաքը, իհա՛րկե, բարդ գործողություն էր, բայց միևնույն ժամանակ մեծ հպարտություն է բերում մեզ, որովհետև մեր հրամանատարների ճիշտ ղեկավարման, նրանց հմտությունների և ունակությունների շնորհիվ, մեր զինվորների արագ շարժվելու, նրանց անձնուրացության շնորհիվ, մեկը մյուսին աջակցելու, փոխարինելու պայմաններում մենք կարողացանք իրականացնել: Իրականացրինք, որովհետև կար նվիրում յուրաքանչյուր զինվորականի մոտ, իրականացրինք, որովհետև գիտակցաբար էինք գնում դրան` ապահովելով Արցախի ներքին խաղաղ կյանքը, արարումը:

Շուշիի ազատագրմամբ մենք կապ հաստատեցինք Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ, Լաչինի միջանցքի ազատագրումը բոլոր այն կրակակետերի վնասազերծման շարունակությունն էր, որ մեկուսացրել էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանից: Այդ միջանցքի ստեղծմամբ է, որ մենք կարողացանք հետագայում համակողմանի ապահովման բոլոր միջոցառումներն իրականացնել և վերջնական հաջողություն ունենալ:

Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ. Ս. Օհանյանի հարցազրույցը:

Սկզբնաղբյուր. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *