[Թարմացված]. Մեկնարկում է թուրք-ադրբեջանական համատեղ ՌՕՈւ զորավարժությունը

Սեպտեմբերի 18-ին մեկնարկելու է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համատեղ «ԹուրԱզ Քարթալը – 2017» (TurAz Qartalı – 2017) զորավարժությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

TURAZ Şahini 2016 զորավարժությանը մասնակից թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումներ

TURAZ Şahini 2016 զորավարժությանը մասնակից թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումներ

Զորավարժությանը ներգրավվելու է Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ շուրջ 30 ավիացիոն տեխնիկա: Ադրբեջանական կողմից մասնակցելու են ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-35 և Մի-17 ուղղաթիռներ, իսկ թուրքական կողմից՝ F-16 կործանիչներ, C-130 Hercules և Casa CN-235 բեռնատար ինքնաթիռներ, Sikorski S-70 ուղղաթիռներ:

Զորավարժությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը: Վարժանքների ընթացքում իրականացվելու են երկու երկրների ՌՕՈւ համատեղ գործողությունների պլանավորում, անցկացվելու են օդային հարվածների, թիրախների խոցման և որոնողափրկարարական առաջադրանքներ:

Թարմացում. Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչներն արդեն ժամանել են Ադրբեջան. վարժանքները կանցկացվեն Ադրբեջանի տարածքում:

Հիշեցնենք, որ «ԹուրԱզ» զորավարժությունների շարքը ներառում է «ԹուրԱզ Քարթալը», «ԹուրԱզ Շահինի» թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքները: Առաջինն անցկացվել է 2014-ի սեպտեմբերին` Ադրբեջանի տարածքում: 2015-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանում անցկացվել էր «ԹուրԱզ Քարթալը — 2015» զորավարաժությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *